Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 2-ի նիստում թույլատրեց «ՍՋՆ Ռոլլմեն վորլդ» ՍՊԸ-ին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է արդյունաբերական նշանակության էլեկտրական շարժիչների առանցքակալների պատրաստման համար (ք. Երեւան)՝ իրականացնելով 624 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված ապրանքների եւ այլ սարքավորումների ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 3 աշխատատեղ, կստեղծվի 20 նոր աշխատատեղ` 120,000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 720 մլն դրամ, որից 120 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 240 մլն դրամի արտադրանքը` ՌԴ տարածքում, 360 մլն դրամի արտադրանքը՝ ԱՄԷ տարածքում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 458 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 35.4 մլն դրամ:

Մաքսատուրքի ազատման արտոնությունից կօգտվի նաեւ «Երեւանի քիմիա դեղագործական ֆիրմա» ԲԲԸ-ն: Նրմուծվող ապրանքներն ընկերությունն օգտագործելու է դեղամիջոցների արտադրության համար՝ իրականացնելով 25 մլն դրամի ներդրում:

Ընկերությունը 2017 թ-ին ՀՀ կառավարության որոշմամբ ստացել է մաքսատուրքից ազատման արտոնություն, որի արդյունքում փաստացի իրականացրվել է 86 մլն դրամի ներդրում եւ ստեղծվել է 18 նոր աշխատատեղ:

Ներկայում առկա է 195 աշխատատեղ, կստեղծվի եւս 15-20-ը՝ 150,000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 1.5 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 464 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 23.2 մլն դրամ: