Հորդանանի իշխանությունները երկարաձգել են փակ հասարակական վայրերում ծխելու արգելքը՝ վկայակոչելով COVID-19-ի դեմ պայքարը։ Երկիրը ծխելու ամենաբարձր ցուցանիշներից մեկն ունի աշխարհում, հայտնում է AFP-ը:

«Քաղաքացիների առողջությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար, հատկապես հաշվի առնելով COVID-19 համավարակը եւ դրա հետեւանքները, փակ հասարակական վայրերում արգելվում է ծխելը (ծխախոտ, էլեկտրոնային ծխախոտ եւ նարգիլե)»,- ասված է առողջապահության նախարարության հայտարարության մեջ։

The Guardian-ը անցյալ ամիս հրապարակել է տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ թագավորությունը աշխարհում ծխելու ամենաբարձր ցուցանիշներով անցել է Ինդոնեզիայից՝ տասը տղամարդուց ութը կանոնավոր կերպով ծխում է կամ այլ կերպ է օգտագործում նիկոտինը:

Հղում կատարելով ԱՀԿ-ին՝ առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ «ծխողները եւ պասիվ ծխողները ավելի խոցելի են արտահայտված ախտանիշներով COVID-19 վարակի հանդեպ»:

Հորդանանում գրանցվել է COVID-19-ի 1133 դեպք, այդ թվում՝ 9 մահ:

2008-ին թագավորությունը արգելք է դրել հասարակական վայրերում ծխելու վրա, սակայն նոր կանոնները տարածվում են նաեւ էլեկտրոնային ծխախոտների եւ նարգիլեների վրա, որոնք շատ են օգտագործվում տարածաշրջանում։