Կորոնավիրուսի վիճակագրությունը դեռ լավատեսական հույսեր չի ներշնչում: Հայաստանում անցած մեկ օրում COVID-19-ով վարակվելու 593 նոր դեպք է գրանցվել, վարակակիրների ընդհանուր թիվը 26658 է: Նրանցից ապաքինվել է 15036-ը: Մահացածների թիվն ավելացել է 6-ով ու հասել 459-ի: Եվս 4   վիրուսակիր մահացել է այլ հիվանդությունից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 153 է:

Վերակենդանացման բաժանմունքները պրակտիկորեն լիքն են, կառավարության նիստում հայտարարել է առողջապահության նախարարը: Արսեն Թորոսյանը նաեւ լավ լուրեր է հայտնել, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը շուտով կփորձարկվի,  Սպիտակի հիվանդանոցն է միացել վարակի դեմ պայքարին, եւ ընդհանրապես, Հայաստանում կկառուցվի 3 նոր հիվանդանոց։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նորից անդրադարձել է դիմակների խնդրին, նշելով, որ նույնիսկ գերզարգացած երկրներ կան, որտեղ դիմակների հետ կապված ուղերձը փոխում են, այսինքն՝ սկզբում ասել են, որ դիմակները պարտադիր չեն, հետո պնդել հակառակը: Մրցակցային հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը հայտնել է, որ դիմակների պրոֆիցիտ ունենք, տեղական արտադրության դիմակը 60 դրամ է, դրսից նոր խմբաքանակը սպասվում է մեկ ամսից, ինչը ենթադրում է, որ գինը էլի կնվազի: Վարչապետն էլ կոչ է արել կրել գործարանային արտադրության դիմակ:

Կորոնավիրուսից հունիսի 29-ին մահացած գյումրեցի տատիկի դին վերջապես գտնվել է: Նրա փակ դագաղը սխալմամբ ուղարկվել է Նոր Հաճն եւ հուղարկավորվել: Հուղարկավորներն էլ այժմ պետք է գտնեն իրենց հանգուցյալին:  Այս խնդրով զբաղվող ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն առավոտյան ակնհայտ զայրույթով դիմել էր պարետին ու առողջապահության նախարարին՝ հարցնելով, կասե՞ք կորոնավիրուսից մահացած տատիկի դին որտեղ գնանք փնտրենք։ «Լավ, դուք իսկապե՞ս չեք հասկանում ինչ եք անում ու որ որեւէ մեկդ չեք խուսափելու պատասխանատվությունից», գրել է Զոհրաբյանը։

Ամբաստանյալների եւ որոշ պաշտպանների չներկայանալը գնահատում եք հարգելի՞, թե՞ անհարգելի։ Այս մասին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի գործով դատավարությանը   նախագահողին հարցրել է գործով մեղադրողը․  դատախազը դժգոհել է, որ գործով 5 ամբաստանյալն էլ դատարան չեն ներկայացել։ Ըստ դատավորի՝ ինքը ողջամիտ է համարել նրանց տարիքային առանձնահատկությունով պայմանավորված՝ դատական նիստերին չկայանալը։  Դատական նիստը հետաձգվել է եւ նշանակվել օգոստոսի 6-ին։ Սերժ Սարգսյանը մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպան Ամրամ Մակինյանի պնդմամբ՝ մեղադրանքը շինծու է։ Նա, ի դեպ, դատավարության մասնակիցների չներկայանալը անհարգելի դիտարկելուն համամիտ չէ:

Վերաքննիչ քրեական դատարանը հետաձգել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով նրա պաշտպանների եւ դատախազության բողոքների քննությունը, քանի որ բողոքների մի մասը դեռեւս դատարան չէր հասել։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը։ ԲՀԿ առաջնորդը 2017 թվականի ընտրակաշառքի գործով առերեսում է ունեցել իր դեմ ցուցմունք տված անձի հետ, որը հերքել է իր տված ցուցմունքը։ Սարգսյանը նշել է, որ փաստական տվյալներ չկան եւ չեն եղել Գագիկ Ծառուկյանին որպես մեղադրյալ ներգրավելու համար.

Կառավարությունը  հավանություն  է տվել Հայաստանի եւ Ղազախստանի կառավարությունների միջև Հայաստան նավթամթերքի մատակարարումների մասին համաձայնագրի կնքման առաջարկին, ինչով նավթամթերքի առաքումը Ղազախստանից  Հայաստան ազատվում է մաքսատուրքից: Որոշ փորձագետների կարծիքով՝ սա Ռուսաստանի դեմ ուղղված քայլ է,  որի ոչ հետևանքներն են հաշվարկվել ոչ էլ դրա ազդեցությունը մեր շուկայի վրա։

Հայաստանի հանրային հեռուստաընկերությումբ Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ռեպորտաժի շրջանակում ցույց են տալիս նացիստ Ալեքսեյ Նավալնիին, որը ատում է հայերին և Հայաստանը։ Այս մասին Սոլովյով LIVE-ի եթերում ասել է հաղորդման հեղինակը։ «Տեսեք ինչ հետաքրքիր է։ Մենք այդքան սիրում ենք Հայաստանը, բարեկամ երկիր է, իսկ տեսեք՝ ում են ցույց տալիս մեր բարեկամ Հայաստանում՝ քվեարկության մասին մեկնաբանություններով», ասել է Վլադիմիր Սոլովյովը։   Հայաստանի հանրային հեռուստաընկերությումբ սահմանադրական փոփոխությունների մասին ռեպորտաժում ցույց են տալիս նացիստ Նավալնիին, որը հայերին անվանել է խաչեր, որն ատում է հայերին, ատում է Հայաստանը, քամահրում հայերին։ Եվ դուք Հայաստանի հանրային հեռուստաընկերություն եք հանում այդ մարդուն և ցույց եք տալիս ձեր եթերո՞ւմ», ասել է նա։

Աշխատանքից ազատվել է Զարուհի Բաթոյանի արդեն 4-րդ տեղակալը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով, Արման Ուդումյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից:

Առավոտյան 6-ն անց 11 րոպեին Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը երկրաշարժ է գրանցել, որի էպիկենտրոնը եղել է Արարատի մարզի Մարմարաշեն գյուղից 3 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով: Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.84 դրամով ու  կազմել  483.36 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 4.71 դրամով ու հասել 545.47 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 6.89 դրամով ու հասել  604.97 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.09 դրամով ու կազմել 6.88 դրամ։

Հուլիսի 3-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ: Երեւանում եւս տեղումներ չեն սպասվում: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +18+20, վաղը ցերեկը՝ +31+33։