ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մտահոգություն է հայտնել Հարավչինական ծովում Չինաստանի կողմից անցկացվող զորավարժությունների պատճառով: Պենտագոնում կարծում են, որ զորավարժությունների անցկացումը է՛լ ավելի է ապակայունացնում իրադրությունը վիճարկվող ջրերում, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

«Հարավչինական ծովի վիճարկվող տարածքում զորավարժությունների անցկացումը չի նպաստում լարվածության թուլացմանն ու կայունության պահպանմանն ուղղված ջանքերի արգասավորությանը»,- նշված է Պենտագոնի հայտարարության մեջ:

ԱՄՆ պաշտպանության նախարարության կարծիքով՝ այդ գործողությունները «է՛լ ավելի շատ են ապակայունացնում իրադրությունը» շրջանում, որին հավակնում են Չինաստանը, Վիետնամը եւ Թայվանը:

Անցյալ շաբաթ Չինաստանը հայտարարել էր Պարասելյան կղզիների մոտ հուլիսի 1-ից սկսած 5 օր տեւողությամբ զորավարժություններ անցկացնելու մասին:

«Զորավարժությունները վերջինն են գործողությունների երկար հերթագայության շարքում, որոնք Չինաստանը նախաձեռնում է Հարավչինական ծովի հանդեպ ապօրինի հավակնությունները եւ հարեւանների շահերի սահմանափակումները հաստատելու համար»,- նշված է հայտարարության մեջ:

Միացյալ Նահանգները Չինաստանին մեղադրում է Հարավչինական ծովը ռազմականացնելու եւ հարեւան ասիական երկրներին վախեցնելու փորձերի մեջ, որոնք կարող են շահագրգռված լինել նավթի եւ գազի հանքավայրերի շահագործմամբ: