Վերջին օրերի ընթացքում մեր հանրապետությունում որոշ ուժերի կողմից փորձ է արվում տարածել հակառուսական տրամադրություններ: Այս մասին facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Դրանցում հաճախ գերակշռում են անհեթեթ եւ անտրամաբանական հարցադրումներ եւ հոխորտանքներ:

Չմտնելով դրանց մանրամասների մեջ՝ ասեմ, որ հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունն ունի դարերի պատմություն, խոր արմատներ, եւ այսօր մեր երկրում չկան հակառուսական տրամադրություններ սերմանելու օբյեկտիվ նախադրյալներ: Իսկ արհեստականորեն դա չի ստացվելու:

Մի՞թե մոռանում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը մեր ռազմավարական դաշնակիցն է, ամենամեծ առեւտրատնտեսական գործընկերը: Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության հարյուր հազարավոր քաղաքացիներ աշխատում են Ռուսաստանի Դաշնությունում: Մենք գտնվում ենք անվտանգության ապահովման ընդհանուր համակարգում:

Եվ, վերջապես, Հայաստանի Հանրապետությունն ու Ռուսաստանի Դաշնությունը ԵԱՏՄ անդամ պետություններ են:

Հայաստանի Հանրապետությունում գործում են ռուսական կապիտալով հազարավոր ընկերություններ:

Հետեւությունները թողնում եմ Ձեզ: Բոլորին մաղթում եմ առողջություն: