USAID -ի հայաստանյան առաքելության ղեկավարն ու կառույցի այլ պաշտոնյաներ տեսակապով քննարկել են Եվրասիայում COVID-19 դեմ ԱՄՆ-ի օգնության հարցերը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»

Հաղորդակցությունը չափազանց կարեւոր է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում, նշում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտնօրեն Բրոք Բիրմանը «Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի» տեսակապային քննարկմանը Եվրոպայում եւ Եվրասիայում COVID-19 դեմ USAID-ի արձագանքի շուրջ: Փոխտնօրեն Բիրմանի կարծիքով այս ճգնաժամն էլ ավելի ակնհայտ է դարձնում հանրությանը հաշվետու լինելու ու հասարակության հետ արդյունավետ հաղորդակցվելու անհրաժեշտությունը:

«Հաղորդակցությունը մեր առաջնահերթություններից է՝ վստահ լինելու համար, որ մեր գործընկերները ստանում են ճշգրիտ տեղեկատվություն»,- ասում է Բիրմանը:

Միջոցառմանը մասնակցող Հայաստանում, Մոլդովայում եւ Հյուսիսային Մակեդոնիայում USAID-ի առաքելությունների ղեկավարները, ներկայացնելով այդ երկրներին տրամադրված օժանդակությունը, եւս ընդգծեցին համավարակի պայամններում հանրային իրազեկության եւ հաղորդակցության կարեւորությունը: Հայաստանյան առաքելության ղեկավար Դեբորա Գրիզերը դրական է գնահատում Հայաստանի կառավարության ջանքերն այս ոլորտում: Ամերիկյան կողմը աջակցել է Հայաստանին իրազեկության վբարձրացման հարցում, որը Գրիզերը որակում է արդյունավետ:

«Հաղորդակցությունն այն մարտահրավերներից մեկն է, որին առերեսվում է այս երիտասարդ կառավարությունը: Այն, սակայն, ձեռնարկեց համապատասխան միջոցներ՝ դիմակայելու այս ճգնաժամի մարտահրավերին»,- ընդգծում է Գրիզերը:

Բանախոսները համակարծիք են՝ հանրային իրազեկության խնդրի կարեւոր բաղադրիչներից է ապատեղեկատվության դեմ պայքարը համավարակի օրերին: Որպես օրինակ՝ միջոցառումը վարող Ռոբերտա Բոնազին հիշեցնում է վերջերս Սերբիայում անցկացրած մի հարցման արդյունքների մասին, որտեղ հարցման ենթարկված 10 անձանցից 4-ը հավատացած էին, որ Չինաստանը COVID-19 դեմ պայքարի ամենամեծ նվիրատուն է, որը չի համապատասխանում իրականության:

Անդրադառնալով Հայաստանում ռուսական քարոզչության ազդեցությանը՝ հայաստանյան առաքելության ղեկավարն ընդգծում է՝ գործող իշխանություները հաջողությամբ բալասավորում են իրենց հարաբերությունները ՌԴ-ի, ԵՄ եւ ԱՄՆ-ի միջեւ: Երեւանն այս քաղաքականությունը որդեգրել էր դեռեւս համավարակից առաջ: Հայաստանում սակայն ռուսական լրատվական աղբյուրների գերակայությունը բարդացնում է այլընտրանքային ուղերձների տարածումը: Դա մեզ պարտադրում է ավելի շատ աշխատել՝ մեր խոսքը հանրությանը հասանելի դարձնելու համար, նշում է Գրիզերը: