ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ImpactAim աքսելերատորի նախագիծը «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի եւ Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ հայտարարում է «Կլիմայի փոփոխության տեխնոլոգիական աքսելերատոր» ծրագրին մասնակցության համար տեղական եւ միջազգային ընկերությունների հայտերի ընդունման մեկնարկի մասին:

Ինչպես հայտնեց Հայաստանում ՄԱԶԾ գրասենյակի ղեկավար Դմիտրի Մարիյասինը՝ ներկայացնելով ծրագիրը, ծրագրի նպատակն է տեխնոլոգիական լուծումները, որոնք կօգնեն Հայաստանին էներգախնայողության մակարդակի բարձրացման հարցով նախագծեր իրականացնել:

«Մենք փնտրում ենք լուծումներ, որոնք տնտեսապես հիմնավորված կլինեն եւ հասանելի բնակչությանը: Մենք փնտրում ենք լուծումներ, որոնք դեռ չկան»,-ասել է նա՝ հավելելով, որ խոսքը կարող է լինել միանգամից մի քանի ուղղությունների մասին՝ էլեկտրաէներգիայի կորստի կրճատման տեխնոլոգիական լուծումներից մինչեւ շենքերի ջերմամեկուսացման մակարդակի բարձրացում:  

Մարիյասինը տեղեկացրեց, որ ծրագրին մասնակցության համար հայտեր կարող են ներկայացնել ոչ միայն տեղական, այլ նաեւ արտասահմանյան ընկերությունները: Նա տեղեկացրեց, որ մի արտասահմանյան ընկերություն արդեն ծրագրի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերել:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ հայտերի ընդունումը կտեւի մինչեւ հուլիսի 15-ը, ծրագրով նախատեսված է ֆինանսական աջակցություն նախագծերին, մասնավորապես, կտրամադրվեն դրամաշնորհներ մինչեւ 10 000 դոլարի չափով:

Նա նշեց, որ կարող են դիմել ընկերություններ եւ թիմեր, այդ թվում՝ ուսանողական, որոնք ունեն հետաքրքիր լուծումներ էներգետիկայում ԱԻ օգտագործման հարցում, նոր մոտեցումներ էներգաարդյունավետության բարձրացման եւ էներգակորստի կրճատման հարցերում:     

«Մենք շեշտը չենք դնում էներգիայի նոր աղբյուրների վրա, այլ փորձում ենք ապահովել խնդիրների համալիր լուծումները: Փորձը ցույց է տվել, որ առկա համակարգերում կան խնդիրներ՝ կապված արդյունավետության բարձրացման անհրաժեշտության հետ»,-հայտարարեց Ենգիբարյանը:

«Մենք կտրամադրենք մինչեւ 50 000 դոլարի չափով ֆինանսավորում, որպեսզի մշակված գաղափարները, նախատիպերը կիրառվեն կոնկրետ շենքում, որպեսզի ցույց տանք գտնված որոշման արդյունավետությունը»,-հավելեց նա: