Կարծում եմ, որ միգուցե նոր հանգամանքներ ի հայտ եկան իմ պատասխաններից. դատարանը որոշի՝ ինչ անել իրենց հետ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, դատարանից դուրս գալով, լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նշենք, որ նախարարը հրավիրվել էր դատարան՝ Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի եւ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստին վկայի կարգավիճակով ցուցմունք տալու համար։

«Այդ գործին նախորդող որոշակի պրոցեսներ եմ պատմել, որոնց մասին տեղյակ եմ եղել, որոնք հնարավոր է որ փոփոխություն մտցնեն գործի ընթացքի մեջ։ Ենթադրում եմ, որ կան փաստական հանգամանքներ դրանք ապացուցող կամ հերքող եւ դատարանը կորոշի մեղադրանքն էլ ճիշտ էր, թե սխալ։ Ես այն ժամանակ իմ հայտարարություններով դատապարտել եմ եւ անընդունելի եմ համարել նման գործելաոճը եւ վերահաստատում եմ, որ որեւէ տեսակի ֆինանսական հարաբերությունների մեջ առողջապահության որեւէ աշխատակից, այդ թվում՝ փոխնախարար չպետք է մտներ եւ չպետք է մտնի։ Ինքս տարբեր ԲԿ-ների տնօրենների հետ խոսակցությունների էի ունեցել եւ հորդորել էի՝ մոռանալ նախկինում արմատավորված պրակտիկաները եւ հեռու մնալ առողջապահության նախարարության տարբեր աշխատակիցներից՝ տարբեր առաջարկներով»,- ասաց Թորոսյանը։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արսեն Դավթյանը հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու եւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Ռազմիկ Աբրահամյանը ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնատար անձ հանդիսացող՝ ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները եւ առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: