Կորոնավիրուսից մահացած գյումրեցի կնոջ դին արտաշիրիմվել է, հարազատները նրան հուղարկավորել են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մահացածի թոռը՝ Մարիամ Մալխասյանը, որն օրեր առաջ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին ահազանգել էր, որ հունիսի 29- ի առավոտյան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում կորոնավիրուսից մահացել է իր տատիկը, սակայն նրա դին մինչ այդ պահը իրենք չէին կարողացել գտնել։

Հիշեցնենք, որ նախօրեին՝ հուլիսի 2-ին, NEWS.am-ի հետ զրույցում Մարիամը հայտնել էր, որ տատիկի դին գտնվել է, պարզել են, որ հանգուցյալին սխալմամբ Նոր հաճնեցի մի ընտանիք է հուղարկավորել։

«Արտաշիրիմումը երեկ է կատարվել, ոստիկանության ուժերով։ Մենք ներկա չենք էլ գտնվել։ Այսինքն՝ իրենք արդեն արտաշիրիմումը կազմակերպել էին, տարել էին դիահերձարան։ Այնտեղից ասացին, որ դին բերել են։ Եղբայրս գնաց, ճանաչում արեց այնտեղ ու ուշ երեկոյան դիակը բերեցին Գյումրի՝ անատոմիկի մեկուսարան»,- ասաց Մարիամը և հավելեց, որ հուղարկավորությունը նախատեսված էր ժամը 13:00-ին և ընտանիքից բացի ոչ ոքի թույլ չեն տվել մասնակցել դրան։

«Միայն հայրս, եղբայրներս են մասնակցել՝ հատուկ հանդերձանքով, հարազատներից միայն իրենք են մասնակցել։ Դագաղը կապարակքնված է եղել, ոստիկանների ներկայությունը պարտադիր էր, նրանք պետք է տեսնեին, որ դագաղն առանց բացվելու հողին է հանձնվել»,- նշեց Մարիամը։