Հարազատն իր հարազատի դին ճանաչել է, բայց իրականում այդպես չի եղել, հետո ներողություն են խնդրել, որ սխալ մարդու դի են ճանաչել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է կորել գյումրեցի կնոջ դին։

Նախարարը շեշտեց, որ տեղի էր ունեցել շփոթմունք ճանաչման պրոցեսում։

Հարցին՝ արդյոք ինքն ունի՞ ժամանակ քաղաքական բնույթի հայտարարություններ անելու, նախարարն ասաց, որ ունի ժամանակ հետեւելու բոլոր քաղաքական գործիչների գործունեությանը եւ գնահատական տալուն. «Առողջապահության նախարարը քաղաքական գործիչ է եւ միշտ անելու է քաղաքական հայտարարություններ»։

Հարցին՝ արդյոք ինքը չի՞ պատրաստվում հրաժարական տալ, նախարարն ասաց. «Չեմ պատրաստվում»։

«Հայաստանի Հանրապետությունը կորոնավիրուսային հիվանդություն ունեցող քաղաքացիները ստանում են պատշաճ բուժօգնություն, ինչը մեզնից շատ զարգացած երկրներում տեղի չի ունեցել։ Ինչը վերաբերում է թվերին, որոնք, ցավոք սրտի չեն իջնում, բայց արձանագրվում են մեր նման հավաքների ժամանակ եւ ոչ թե բժշկական հաստատություններում, կախված է ոչ միայն Կառավարության քայլերից, այլեւ մեր բոլորի վարքագծից։ Մենք չունենք պայթյունավտանգ իրավիճակ։ Բոլոր կանխատեսումներով հիմա պետք է ունենայինք 30 հազարից ավելի դեպք, բայց ունենք 27 հազար»,- ասաց Թորոսյանը։

Լրագրողը նշեց, որ պատրաստվում են քննիչ հանձնաժողով ստեղծել կորոնավիրուսի հետ կապված բացթողումների բացահայտման համար, եւ հարցին՝ արդյոք ինքը պատրա՞ստ է պատասխանել հարցերին, նախարարն ասաց. «Մենք պատրաստ ենք, ես անձամբ պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին՝ բոլոր անձանց։ Իմ քաղաքական գնահատականն է, որ Հայաստանն իր ունեցած ռեսուրսներով, իրավիճակով բավական լավ պայքարել է համաշխարհային մարտահրավերի դեմ»։