Կորոնավիրուսի համավարակը չի հանգեցնի Հայաստանում էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերի դադարեցմանը կամ վերանայմանը: Այս մասին հուլիսի 3-ին հայտարարեց ՄԱԿ Զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Մարիասինը: Նրա խոսքով՝ էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերն ինքնին նպաստում են Հայաստանի տնտեսության վերականգնմանը: «Մենք կարծում ենք, որ էներգաարդյունավետությունը համավարակ 2020-ի հետեւանքները հաղթահարելու անհրաժեշտ ուղղություններից մեկն է»,- վստահ է Մարիասինը: Հիշեցնելով, որ Հայաստանի կառավարությունը ապրիլին միջոցներ է հատկացրել քաղաքացիների կոմունալ ծասերի մի մասի փոխհատուցման համար՝ նա նշեց, որ էներգախնայողության բարձրացման նախագծերի իրականացումից հետո այլեւս չի պահանջվի համանման սուբսիդավորում:

Ասածը պարզաբանելով՝ Մարիասինն ասաց, որ խոսքը «խելացի» եւ «կանաչ» տեխնոլոգիական նախագծերի մեջ միջոցների ներդրման անհրաժեշտության մասին է, իսկ էներգաարդյունավետությունը եւ վերականգնվող էներգիան այդպիսին են: «Կառավարությունը մեզ հետ միասին արդեն զբաղվում է այդպիսի նախագծերով: Տարածքային կառավարման նախարարությունը բնության պահպանության նախարարության հետ միասին աշխատում է ավելի քան 1400 բնակելի շենքերի մոդիֆիկացիայի եւ ինսոլյացիայի նախագծերի վրա: Արդյունքում ինսոլյացիայի յուրաքանչյուր նախագիծ շինարարության նախագիծ է: Դրական փոփոխություն է տեղի ունենում ոչ միայն գործառնական հատվածում, այլեւ շենքի արտաքին տեսքում: Դա դրականորեն կազդի նաեւ տուրիզմի վրա, քանի որ քաղաքներն ավելի գրավիչ տեսք կունենան»,- հայտարարեց նա:

Էներգաարդյունավետության բարձրացման ապահովման երկրորդ ուղղությունը «Քաղաքային կանաչ լույսն» է՝ ուղղված քաղաքների եւ գյուղերի սմարթ-լուսավորման համակարգի ներդրմանը: Այս դեպքում խոսքը «խելացի համակարգերի» տեղադրման եւ լուսադիոդային լուսավորման օգտագործման մասին է, որը միաժամանակ կապահովի ե՛ խնայողություն, ե՛ւ անվտանգություն, իսկ գյուղերում կյանքը կանգ չի առնի մութ ժամանակ:

«Եվ երրորդ թրենդը, որը մենք մտադիր ենք առաջ մղել, բիզնեսում, միջին եւ փոքր ձեռնարկություններում էներգաարդյունավետությունն է: Յուրաքանչյուր ընտանիք գիտի՝ պատուհանները փոխելուց հետո սկսում է գազի համար քիչ վճարել, բայց այսօր բիզնեսը չի օգտվում պոտենցիալ շահավետ էներգախնայողությունից: Շատ ձեռնարկություններ մեծ վնասներ են կրում հենց էներգիայի ոչ արդյունավետ օգտագործման պատճառով: Այնպես որ, կարծում ենք՝ հաջորդ մեծ թրենդը լինելու է բիզնեսում էներգաարդյունավետության բարձրացումը, մասնավորապես փոքր եւ միջին ձեռնարկություններում»,- ամփոփեց նա: