Վրաստանի իշխանությունները դեռ չեն ծրագրում բացել ցամաքային սահմանները: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան Քութայիսի այցի ժամանակ:

«Մենք հապճեպ որոշումներ չենք կայացնի՝ կապված ցամաքային սահմանների բացման հետ: Դեռ նման ծրագրեր չունենք»,-ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:

Նրա խոսքով՝ Վրաստանը սահմանների բացման մասին բանակցություններ է վարում Բալթիայի երկրների, Գերմանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի եւ այլ երկրների հետ, որտեղ ուղիղ ավիահաղորդակցության վերսկսման հնարավորություն կա:

Տոմսերի գները բարձր չեն լինի, դրանք չեն գերազանցի 200 եվրոն՝ նշել է Գախարիան:

Վրաստանը կորոնավիրուսի տարածումը կանխելու համար մարտի 14-ին փակել էր Հայաստանի եւ Ադրբեջանի հետ սահմանները, իսկ ՌԴ-ի հետ՝ մարտի 16-ից:

Վրաստանի սահմանը կարող են հատել միայն հայրենիք վերադարձող քաղաքացիներն ու նրանց հարազատները:

Ակնկալվում էր, որ Վրաստանը զբոսաշրջիկների համար կբացվի հուլիսի 1-ից, սակայն իշխանությունները վերանայել են միջազգային տուրիզմի վերսկսման ժամկետները աշխարհի երկրների մեծամասնությունում համաճարակաբանական բարդ իրավիճակի պատճառով: