Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության տարեդարձի նախօրեին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

Նախագահ Սարգսյանը պետական տոնի առթիվ շնորհավորել ու հաջողություններ է մաղթել դեսպանին եւ, ի դեմս նրա, Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին:

Հայաստանի նախագահն իր երախտագիտությունն է հայտնել ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական օժանդակության եւ հատկապես կորոնավիրուսի համավարակով պայմանավորված այս բարդ շրջանում աջակցության համար` միաժամանակ, նշելով, որ իսկական բարեկամությունը երեւում է դժվարին ժամանակներում:

Դեսպան Թրեյսին նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է օգնել Հայաստանին՝ ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի, տարբեր ոլորտներում բարեփոխումների, ներդրողների համար գրավիչ գործարար միջավայրի ձեւավորման հարցերում:

Դեսպանի խնդրանքով Հանրապետության նախագահն անդրադարձել է Սահմանադրության փոփոխություններին եւ սահմանադրական բարեփոխումներին առնչվող գործընթացին: Այդ համատեքստում, խոսելով սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի մասին, նախագահ Սարգսյանը կարեւորել է Հիմնական օրենքի մշակման գործընթացի շուրջ հանրային քննարկումները եւ հասարակության հնարավորինս լայն շերտերի մասնակցությունը:

Զրուցակիցները խոսել են նաեւ ներդրումների մասին: Նրանք համաձայնել են, որ ցանկացած ներդրում պետք է պաշտպանված լինի ոչ միայն օրենքով, այլեւ բարենպաստ եւ գրավիչ միջավայրի առկայությամբ՝ կարեւորելով այդ ուղղությամբ աշխատանքը եւ համատեղ ջանքերը:

ԱՄՆ դեսպանն անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացմանը միտված ամերիկյան ծրագրերին եւ ներդրումային հնարավորություններին:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ COVID-19-ի համավարակը եւ դրա ազդեցությունը տնտեսության վրա պահանջում են արագ արձագանք եւ ճկուն մեխանիզմներ ներդրումների խթանման համար: Այդ առումով նա կարեւոր գործիք է համարել ներդրողի արագ արձագանքման աշխատանքային խմբի ստեղծումը՝ նշելով, որ այս եւ մի շարք այլ առաջարկություններ տեղ են գտել Հանրապետության նախագահի աշխատակազմի եւ ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի պատրաստած՝ «Ներդրումների խթանման ռազմավարությունը համաշխարհային ճգնաժամի պայմաններում եւ դրանից հետո» զեկույցում:

Ընդգծելով նորագույն տեխնոլոգիաների կարեւոր դերը Հայաստանի ապագայի համար՝ նախագահ Սարգսյանն այդ համատեքստում խոսել է մեր երկրում տեխնոլոգիաների եւ գիտության զարգացմանն ուղղված՝ ATOM նախագահական նախաձեռնության եւ դրա շրջանակում հնարավոր գործակցության մասին: