Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 3-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված Պաշտպանության բանակի հերթացուցակում պահեստազորի եւ ծառայության մեջ գտնվող սպաների բնակարանային ապահովության հարցերին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Սպաների ընտանիքների թվաքանակի, նրանց՝ ըստ շրջանների բաշխվածության եւ նախատեսվող ֆինանսական ծախսերի մասին համախատասխան զեկույցներով հանդես են եկել ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը եւ ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը:

Հանրապետության նախագահը նշել է, որ խնդրի հրատապ լուծումը գտնվում է ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում, եւ համատեղ ջանքերով մինչեւ 2023թ. վերջը ծրագիրն ամբողջությամբ պետք է կյանքի կոչել: Այս համատեքստում երկրի ղեկավարը նիստին ներկա շահագրգիռ մարմինների եւ գերատեսչությունների ղեկավարներին տվել է հանձնարարականներ՝ մինչեւ տարեվերջ սկսելու բնակարանաշինական աշխատանքները: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է մշակել համապատասխան մեխանիզմներ՝ այս գործընթացում վարչարարության նվազեցման եւ այդ ուղղությամբ առկա խնդրահարույց հարցերի օպերատիվ լուծման նպատակով:

Խորհրդակցությանը մասնակցում էին նաեւ ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը, պաշտոնատար այլ անձինք: