«ԱԺՄ» ղեկավար, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանը ankakh.com-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում հակառուսական տրամադրությունների սրացմանն ու Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա իրավիճակին։

Պարոն Մանուկյան, վերջին շրջանում մամուլում և հասարակության լայն շրջանակներում ակտիվորեն քննարկվում են հայ-ռուսական հարաբերություններում առկա իրավիճակը, հնարավոր լարվածությունը, Հայաստանում հակառուսական տրամադրությունների սրացման հարցերը, ինչը հատկապես ակնառու դարձավ օրերս Հանրային հեռուստատեսության եթերում ռուս ըննդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն ակտիվորեն լուսաբանելու փաստով և այլն։ Ի՞նչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում, ի՞նչ կանխատեսումներ ունեք։

Մենք՝ մեր ժողովուրդն ու մեր պետությունը, հաղթեցինք Արցախյան պատերազմում, բայց այժմ մեծ պարտություն ենք կրում հիբրիդային պատերազմում, որը հայտարարվել է Հայաստանին։

Օգտվելով այն հանգամանքից, որ հասարակության մեջ մեծ էր դժգոհությունը անարդարություններից, կոռուպցիայից, օգտվելով մեր ժողովրդի արդարության բնական ձգտումներից՝ մարդկանց մի խումբ, որի հետևում կանգնած են արտաքին ուժեր, Հայաստանում զավթեց իշխանությունը։ Եվ այսօր մենք տեսնում ենք դրա հետևանքները։

Ո՞րն է արտաքին ուժերի նպատակը այդ «պատերազմում»։ Երկու խնդիր էր դրված․առաջին՝ արևմուտքի որոշ շրջանակներ մեծ պայքար էին սկսել Ռուսաստանի դեմ, ինչն իր պատճառներն ունի, մենք կարող ենք դա քննարկել։ Այժմ խնդիր էր դրվել խզել նաև Հայաստանի սերտ համագործակցությունը Ռուսաստանի հետ։

Երկրորդ՝ արևմուտքի այդ շրջանակների համար ընդունելի չեն այն պետությունները, որոնց մեջ կա միասնություն ազգային արժեքների շուրջ։ Եվ այդ միասնությունը ցայտուն երևաց, երբ նշվեց Հայոց ցեղասպանության 100-ամյակը, դա ցայտուն երևաց Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, երբ աշխարհի բոլոր երկրներում հայ երիտասարդները դիմում էին դեսպանություններ, որպեսզի գան Հայաստան ու պայքարեն։ Եվ այդ միասնությունը կար՝ անկախ երկրի ներսում առկա քաղաքական հակասություններից։

Այսինքն, արտաքին ուժերի կողմից երկու խնդիր էր դրված՝ պոկել Հայաստանը Ռուսաստանից և տրոհել մեր ժողովրդի միասնությունը ազգային արժեքների ու ազգային հարցերի շուրջ։

Եվ պետք է ասել, որ հետզհետե, խորամանկ քայլերով, երբեմն բացահայտ, երբեմն թաքնված, այդ ծրագիրն իրականացվում է։

Ինչ վերաբերում է այսօրվա իշխանություններին, ապա այստեղ երկու հարց պետք է իրարից տարանջատել․մեկը կառավարման առումով բացարձակ տգիտությունն ու վրեժխնդրությունն է։ Նույնիսկ վրեժխնդրություն էլ չէ, ավելի շուտ մոլագար ցանկությունն է զավթել իշխանությունն ամբողջությամբ՝ Սահմանադրական դատարանով, բիզնեսով, ամեն ինչով։ Եվ ես կարծում եմ, որ դեռ շատ է խորանալու այս պրոցեսը, ունեցվածքի վերաբաշխում է կատարվելու, և շատ բիզնեսմեններ թող դեռևս չուրախանան, որ իրենց չեն հասել։

Երկրորդ հարցն արտաքին քաղաքականությունն է՝ կապված հատկապես Ռուսաստանի հետ, որն էլ անշեղորեն կապված է Արցախի հարցի հետ։ Ընդհանրապես արևմուտքի համար մեծ հաշվով նշանակություն չունի Արցախը Հայաստանին կպատկանի, թե Ադրբեջանին (եթե իհարկե մի կողմ դնենք արևմուտքում սահմանների փոփոխության նախադեպի ստեղծման վտանգը)։ Բայց շատ կարևոր է, որ կտրեն այն կարևոր թելերից մեկը, որը Հայաստանին կապում է Ռուսաստանի հետ։ Իսկ մեզ

Ռուսաստանի կապող այդ կարևոր թելերից է Արցախը, քանի որ այդ հարցում ունենք համընկնող շահեր։

Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները վերջին հարյուրամյակների ընթացքում եղել են շատ բարդ։ Եղել են ոչ միայն պայծառ, այլև սև էջեր։ Կարելի է քննարկել Առաջին համաշխարհային պատերազմում տեղի ունեցած երևույթները, Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը և այլն և այլն, բայց մյուս կողմից՝ Ռուսաստանի հետ մեր դաշինքը շատ կարևոր է եղել, որովհետև այս տարածաշրջանում շատ հարցերում մեր շահերը համընկել են։

Այսօրվա իրավիճակում, երբ աշխարհն այսպես կտրուկ փոխվել է, Միացյալ Նահանգները գնում է այս տարածաշրջանից, տարածաշրջանի ամենակարևոր խաղացողը դառնում է Ռուսաստանը, և մեր հարցերը կապված են Ռուսաստանի հետ, ազգային դավաճանություն է, երբ դու մի կողմից փորձում ես մոլորեցնել քո ժողովրդին ու Ռուսաստանին, մյուս կողմից անշեղորեն իրականացնում ես այն ծրագիրը, որի համար եկել ես իշխանության։

Ինչ վերաբերում է Նավալնուն, ապա ինչպես Հայաստանում արտաքին ուժերը գտան Նիկոլ Փաշինյանին երկրում ձևափոխումներ անելու համար, այդպես էլ Ռուսաստանում Արևմուտքը գտել է Նավալնուն, որի միջոցով ուզում է  այնտեղ իր շահերին համապատասխանող փոփոխություններ կատարել։ Եթե այդ փոփոխությունները Ռուսաստանում կատարվեն, ինչն իմ կարծիքով անհնարին է, ապա Ռուսաստանն ուղղակի  կքայքայվի ու ամբողջությամբ կքանդվի։ Ընդհանրապես, Նավալնու գոյությունն ապացուցում է Պուտինի անհրաժեշտությունը իրենց ժողովրդի համար։ Եվ պատահական չէր, որ Սահմանադրական փոփոխություններն այսքան մեծ տոկոսով անցան։ Ռուսաստանի ժողովուրդն իսկապես համախմբված է որոշակի ազգային արժեքների շուրջ, համամարդկային արժեքների շուրջ, և այս հանրաքվեն ցույց տվեց ժողովրդի վստահությունը Պուտինի և նրա ուղղության նկատմամբ։

Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքականությունն ակնհայտ է, և միամտություն կլինի կարծել, թե հնարավոր է ազդել, որպեսզի այդ քաղաքականությունը փոխվի, և իրենք ուշքի կգան։ Դա բացառվում է։ Այս իշխանությունը պետք է հեռանա։ Այս իշխանությունը մեր երկիրը հասցնելու է կործանման։ Ես դեռ չեմ խոսում այն ապաշնորհության մասին, որ ցուցաբերում են ոչ միայն կորոնավիրուսի դեմ պայքարում, այլ գրեթե բոլոր ոլորտներում, այն ագահ ձգտումը՝ ամեն ինչ վերցնել իրենց ձեռքը։

Այն քաղաքական պայքարը, որն այժմ գնում է իշխանության ու հասարակության լայն շերտերի միջև, դա հնի և նորի պայքար չէ, դա ես կանվանեի ազգային ազատագրական պայքար։

Ես վստահ եմ, որ իշխանության եկած այս խումբը փորձելու է ամեն գնով պահել իշխանությունը։ Եվ եթե ինչ-որ մեկը հավատում է, որ առջևում մեզ սպասվում են ազատ ու արդար ընտրություններ, ապա բացարձակապես ոչինչ չի հասկանում այն երևույթներից, որ այսօր տեղի են ունենում Հայաստանում։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։