Վստահ եմ, որ դիմակ չկրելու հարցն ընդամենը պատրվակ է եղել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով այսօր իրավապահների՝ «5-րդ ալիք» Հ/Ը եւ «Արմնյուզ» ՀԸ այցելություններին։

«Հայաստանում Ոստիկանությունը դե յուրե որպես ստորաբաժանում վարչապետին կից կառույց է։ Բազմաթիվ օրինակներ կարելի է բերել, որ ոստիկանությունը ոչ թե գործում է օրենքով, ինչպես Ոստիկանության մասին օրենքում է գրված, այլ վարչապետի ցուցումներով։ Համոզված եմ, որ իշխանությունը՝ հանձին Նիկոլ Փաշինյանի, չի կարողանում հանդուրժել, որ գոյություն ունեն հեռուստաալիքներ, որոնք իրենց քննադատում են։ Հաշվի առնելով այս համաճարակային վիճակը՝ պատրվակ դարձնելով դիմակ չկրելը, հարձակում են կատարում այն լրատվամիջոցների նկատմամբ, որոնք քննադատում են իշխանությանը»,- ասաց նա։

Անդրադառնալով Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահի այն հայտարարությանը, որ եթերում դիմակ կրելու համապարտադիրության պահանջ որեւէ տեղ սահմանված չէ, ինչը եւս մեկ անգամ ապացուցում է այն եթերում չկրելու պարտավորության մասին, Ավետիք Իշխանյանն ասաց.

«Հայաստանում, հատկապես Սահմանադրական դատարանի հետ կապված պատմություններից հետո, խոսել իրավականությունից ու օրենքներից, իմ կարծիքով՝ ավելորդ մտավարժանքներ են։ Հայաստանում ամեն ինչը գործում է ոչ թե օրենքներով, այլ միապետի կամքով»։