Հուլիսի 3-ը երկրում սկսվեց Սահմանադրական դատարանի շուրջ հերթական սկանդալով, այս անգամ հենց շենքի մուտքի մոտ: Առավոտյան բարձրաստիճան ոստիկանները կանխել են դատավոր Հրանտ Նազարյանի մուտքն աշխատավայր։ Նազարյանն այն երեք դատավորներից մեկն է, որի լիազորությունները կասեցվում են սահմանադրական փոփոխություններով։ Նազարյանը գրավոր փաստաթղթեր է պահանջել, ոստիկանները, սակայն, վկայակոչել են իրենց ղեկավարության բանավոր կարգադրությունը։ Գործողությունը գլխավորել է գնդապետ Հրաչյա Զատիկյանը: Ի դեպ, մամուլի տեղեկություններով՝ օրեր առաջ վարչապետի կեսգիշերային գրառմանը հաջորդած զարգացումներից հետո, ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանն ու Ֆելիքս Թոխյանը դադարեցրել էին աշխատանքի հաճախել:

Ավելի ուշ ոստիկանությունը պարզաբանում է հրապարակել, թե Ազգային Ժողովի հայտնի որոշումից հետո 12 տարի պաշտոնավարած ՍԴ անդամի կամ դատավորի լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, իրենց գործողություններն էլ բխել են նոր ընդունված նորմի «համակարգային վերլուծությունից»:

Ոստիկանության գործողությունները տարակուսանք են առաջացրել իրավաբանների շրջանում։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը պնդում է, որ ոստիկանները ՍԴ դատավորի մուտքը դատարան խոչընդոտելու իրավական հիմք ներկայացնել չէին կարող, քանի որ միակ հիմքը, վարչապետի նրա խոսքով՝ ֆեյսբուքյան «հրովարտակն» է։ Ոստիկանության տվյալ սպաները, առնվազն նրանց հրամանատարն, ըստ Մելիքյանի, հանցանք են գործել եւ չեն կարող ազատվել պատասխանատվությունից՝ պնդելով, թե հրաման են կատարել։ Նշենք, որ, չնայած սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ են մտել, բայց դեռեւս ուժի մեջ չեն մտել հարակից օրենքների այն փոփոխությունները, որոնք պետք է վերջնականապես իրավական հիմք հանդիսանային սահմանադրական դատարանի երեք դատավորի լիազորությունների դադարեցման համար։ Այդ փոփոխությունները իշխանական խմբակցությունն արտահերթում ընդունելուց հետո ուղարկել էր նախագահ Արմեն Սարգսյանին, որը, սակայն, չի ստորագրել դրանք։ Օրենքով 21-օրյա ժամկետ է սահմանված, մինչեւ Ազգային ժողովի նախագահը կկարողանա ինքնուրույն հրապարակել փոփոխությունները։ Ըստ իրավաբանների՝ մինչեւ ուժի մեջ չմտնեն այդ օրենսդրական փոփոխությունները եւ դատավորների լիազորություների դադարի վերաբերյալ անհատական ակտեր չլինեն, նրանք շարունակում են պաշտոնավարել, այդ թվում՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։

Վերջին օրերին հանրության օրակարգային հարցերից է նաեւ Հայաստանում հակառուսական էյֆորիան, որին նախօրեին անդրադարձել է ԲՀԿ առաջնորդը: Իր հայտարարությունում նա շեշտել է, որ որպես Հայաստանի ամենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժի նախագահ, քաղաքական գործիչ եւ քաղաքացի, կանի ամեն ինչ՝ կանխելու երկրում հակառուսական տրամադրություններ բորբոքելու սադրանքները: Ըստ Ծառուկյանի, դրանց արհեստական սրացումներն ակտիվորեն իրագործվում են հակահայկական և հակապետական ուժերի ակտիվ ջանքերով, որոնց վերջնական նպատակն է երկու ժողովուրդների բարեկամական կապերի խզումը, Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրս բերումը, ինչը Թուրքիայի և Ադրբեջանի երազանքն է:

Ավանդույթի համաձայն, առաջնորդի հայտարարությունը սատարող գրառումներ են արել ԲՀԿ–ական պատգամավորները։ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ասել է՝ եթե որոշ մարդիկ կարծում են, որ լարելով հակառուսական տրամադրություններ` բարձրացնում են Հայաստանի ինքնիշխանության մակարդակը, ապա այդ մարդիկ կա՛մ հիմար են կա՛մ գործակալ, կա՛մ երկուսն էլ միաժամանակ։

Թեմայի շուրջ ահազանգ է հնչեցրել նաեւ քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, շեշտելով, որ Կովկասի համար երկու երկիր է պայքարում՝ Թուրքիան ու Ռուսաստանը: «Այս ռեգիոնին մուշտարու աչքով նայող երրորդ երկիր չկա, անգամ՝ Իրանը ռեսուրսներ չունի։ Մյուս խաղացողներն ուզում են կոմունիկացիաներ անցկացնել, կամ՝ խոչընդոտել, Իրանի դեմ պլացդարմ սարքել, կամ դա թույլ չտալ, Թուրքիայի ճանապարհը փակել դեպի Կովկաս ու Միջին Ասիա կամ բացել», գրել է քաղաքագետը։

ԱԱԾ տնօրենի պաշտոնում իշխանական օղակներում հակառուսական տրամադրություններին ընդդիմացող Արթուր Վանեցյանի համոզմամբ էլ՝ վերակառուցել դաշնակից եւ բարեկամ պետությունների հետ փոխհարաբերությունները, որոնք փչացել են իշխանության հետեւողական ապաշնորհության հետեւանքով, հնարավոր է հանրային համերաշխության ճանապարհով: Նրա խոսքով՝ Փաշինյանի կառավարման շրջանը հայոց պատմության մեջ կմնա որպես անորոշության, տարերային փլուզման եւ դժբախտության ժամանակաշրջան:

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը չի կարծում, որ Հայաստանում եղել է, կա կամ կլինի կամիկաձե կամ ինքնասպանության գնացող իշխանություն, որը կմտածի Հայաստանում հակառուսական տրամադրություններ գեներացնելու մասին:

Այս խորապատկերում Հայաստանում պրոգրեսիայով աճող կորոնավիրուսային վիճակագրությունն ուղեկցվում է սկանդալային պատմություններով: Մեկ օրում գրանցվել է վարակվելու 662 նոր դեպք, ընդհանուր թիվը հասել է 27320-ի, մահերի թիվն ավեացել է 10 ու հասել 469-ի: COVID-19-ով վարակված 156 մարդու մահվան պատճառ էլ նշվում են այլ հիվանդությունները:

Կորոնավիրուսից մահացած գյումրեցի կնոջ դին գտնվելուց հետո էլ այս պատմության շուրջ կրքերը չեն հանդարտվում: Սխալմամբ Նոր Հաճն ուղարկված եւ այնտեղ հուղարկավորված տատիկի մարմինն արտաշիրիմվել է, հարազատները նրան հուղարկավորել են։ Ճանաչումն իրականացրել է հունիսի 29-ից ի վեր տատիկի որոնումներով զբաղվող թոռը:

Տատիկի տխուր ոդիսականը այսքանով չի սահմանափակվել. հանգուցյալի հեռախոսից փողն իր հեռախոսին փոխանցած մայրապետի դեմ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնը, որ սկզբում կասկածում էր տատիկի փողերը հափշտակելու պնդման հավաստիությանը, կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթ է հարուցել։

Այս ամենից հետո էլ ողբերգազավեշտական այս պատմությունը առողջապահության նախարարն այլ տեսանկյունից է ներկայացնում. նրա բառերով՝ հարազատն իր հարազատի դին ճանաչել է, բայց իրականում այդպես չի եղել, հետո ներողություն են խնդրել, որ սխալ մարդու դի են ճանաչել: Ըստ Արսեն Թորոսյանի, տեղի է ունեցել շփոթմունք ճանաչման պրոցեսում, հրաժարական տալու միտք էլ չունի։

Թորոսյանի՝ քաղաքականությամբ զբաղվելու ժամանակ ունենալու վերաբերյալ հարցը լրագրողներին հուզում էր՝ նախօրեին՝ ԲՀԿ-ի «այգին նրա նետած քարերի» պատճառով: Ակնհայտորեն ծաղրելով այս խնդրով զբաղվող ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, Թորոսյանը գրել էր. «Տիկին Զոհրաբյան, ես շատ շնորհակալ եմ Ձեզնից կորոնավիրուսային հիվանդությունից մահացած մեր քաղաքացու դիակի ճանաչման հետ կապված խնդրի մասին բարձրաձայնելու համար, չնայած ինքս տեղյակ էի այդ հարցից և զբաղվում էի դրա լուծմամբ։ Իսկ հիմա լավ կլինի վերադառնաք Ձեր «մահացած» քաղաքական ուժի ռեինկառնացիային, եթե իհարկե դա ձեր մոտ ստացվի, ինչում խիստ կասկածում եմ»։

Ի պատասխան Նաիրա Զոհրաբյանը հորդորել է նախարարին իրենց քաղաքական ուժով այդքան չմտահոգվել. «Իսկ այ կորոնավիրուսի դեմ տապալված պայքարով, այլևս անկառավարելի դարձած իրավիճակով ու այս ամենի համար ձեր բոլորի հավաքական պատասխան տալու ոչ նախանձելի հեռանկարով հաստատապես մտահոգվելու բան ունեք: Բնականաբար, ես չէի էլ սպասում, որ կունենաք այդքան ուժ՝ ընդունելու ձեր բացթողումներն ու չանցնելու բանավեճի կոռեկտության սահմանը։ Դրա համար ոչ միայն դաստիարակություն է պետք, այլեւ ձեր թիմի անսխալականության սինդրոմից ազատվելու ունակություն»,- գրել է նա: Նաիրա Զոհրաբյանին աջակցող գրառումներ եղան թե իր թիմի, թե նախկիննրի՝ ՀՀԿ–ի ու ՀՅԴ–ի շարքերից։ Արսեն Թորոսյանն այս պատերազմում, կարելի է ասել, միայնակ մնաց։ Նրան սատարող մեկնաբանություններ սոցցանցում գրեթե չկային՝ այդ թվում իր թիմակիցների կողմից։

Իսկ այդ ընթացքում Նաիրա Զոհրաբյանը բացահայտել է դիակներ կորցնելու եւս մեկ խայտառակ դրվագ: Ըստ նրա՝ հարազատներն իրենց մորաքրոջը տարել են հուղարկավորել, սակայն «ինքնահողի» օրը մորաքույրը զանգել, ասել է՝ «մի հատ չեք զանգում, հետաքրքրվեք՝ ոնց եմ, ոնց չեմ»:

Առղջապահության նախարարությունից արձագանքել են. «Եթե իրապես հետաքրքիր է «դեպքը» բացահայտելը` առաջարկում ենք ներկայացնել կոնկրետ տվյալներ եւ փաստեր, որպեսզի հնարավոր լինի կատարել ուսումնասիրություններ: Այլապես հայտարարությունը նման է «օդում կախված լուրի»:

Այսօր քառյակ մեդիային պատկանող «Արմնյուզ» հեռուստաընկերություն է այցելել 2 ոստիկանն ու տեղյակ պահել, որ հարուցվել է վարչական վարույթ այն հիմքով, որ լուրերի տաղավարում հեռուստամեկնաբաններից Աբրահամ Գասպարյանը չի կրել դիմակ: Օրվա երկրորդ կեսին ոստիկանները նույն նպատակով այցելել են ընդդիմադիր 5-րդ ալիք հեռուստաընկերություն: Երկու հեռուստաընկերություններն էլ այս քայլը որակում են որպես իրենց վրա ճնշում գործադրելու միջոցով իրենց լռեցնելու փորձ։

«5-րդ ալիք» Հ/Ը-ի տնօրեն Հարություն Հարությունյանը հրաժարվել է ստորագրել եւ ընդունել վարչական վարույթ բացելու ծանուցագիրը: «Արմնյուզում» ոստիկաններին հիշեցրել են՝ ՀՌԱՀ-ի նախագահ Տիգրան Հակոբյանը հունիսի 10-ին հանդես է եկել պարզաբանմամբ, որ դիմակ կրելը պարտադիր չէ հեռուստահաղորդավարների համար։

Տիգրան Հակոբյանն ավելի ուշ հանդես է եկել պարզաբանմամբ։ Նա հիշեցրել է, որ ինքը դա ասել է մեկ ամիս առաջ. «Հեռուստաընկերությունների տաղավարներում պարտադիր դիմակով նկարահանում անելու պարետի համապատասխան որոշում չկա՛ որքանով ես գիտեմ»: «Որքանով ես գիտեմ»-ը օգտագործել է, որովհետեւ ինքն էլ համոզված չէ, որ պարետի որոշումները հստակ պարտադրում են հաղորդավարին եթերում մենակ լինելով դիմակ կրել: Դրանից հետո՝ հունիսի 26-ին, կառավարությունը դիմեց կոչով բոլոր լրատվամիջոցներին՝ պարետի որոշմամբ՝ աշխատատանքային պարտականությունները կատարելիս աշխատակիցները կրում են դիմակներ: «Կոչ ենք անում անվերապահորեն պահպանել սահմանված կանոնները եթերում»։ Այս կոչ-զգուշացումից հետո նորից հղում անելը իմ մեկամսյա վաղեմության կարծիքին գնահատում եմ որպես պարզունակ սպեկուլյացիա:

Դիմակի հետ կապված մի սկանդալ էլ տեղի է ունեցել գիշերը. ոստիկանները, կարելի է ասել, համառորեն տուգանել են երգիչ, հաղորդավար Վարդան Սարգսյանին, որը կեսգիշերն անց միայնակ փողոցում վազելիս իջեցրել էր դիմակը:

Ի դեպ, Նիդեռլանդներում «սիրո քրմուհիները» սահմանափակումների մեղմացումից հետո ողջունում են իրենց հաճախորդներին, նրանց միայն խորհուրդ է տրվում խուսափել ծանր շնչառությունից եւ համբույրներից՝ COVID-19-ի ռիսկը նվազեցնելու համար։ Մերկապարուհիներն ու գիշերային թիթեռնիկները անցած երեքուկես ամիսներին զրկվել էին եկամտի հիմնական աղբյուրից եւ, ինչպես ցավով նշում է միջազգային մամուլը, չէին օգտվել պետական աջակցությունից։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.48 դամով ու հասել 482.84 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.17 դրամով ու կազմել 543.30 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.59 դրամով ու կազմել 602.36 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.07 դրամով ու կազմել 6.81 դրամ։

Առաջիկա հանգստյան օրերին Հայաստանի առանձին վայրերում, նաեւ Երեւանում օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +20+22, վաղը ցերեկը՝ +31+33: