Տոմսկի շրջանի Զորկալցեւո գյուղում ամպրոպի ժամանակ ոչնչացվել է 19-րդ դարի փայտե եկեղեցին: Ականատեսները սոցցանցերում հայտնում են, որ կառույցը կայծակի հարվածից հետո բռնկվել է, հայտնում է MK-ն:

ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ փայտե կառույցում հրդեհի մասին հաղորդագրությունը եղել է հուլիսի 4-ի կեսօրին: Դեպքի վայր են ուղարկվել հրշեջներ, սակայն եկեղեցին փրկել չի հաջողվել: Տուժածների մասին չի հաղորդվել:

Աստվածածնի եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի 70-ական թվականներին՝ 1-ին գիլդիայի տեղական վաճառականի հաշվին: Հետագայում կառուցվել են հոգեւորականության համար կացարաններ, ծխական դպրոց, ճաշարան, գրադարան եւ յոթ զանգերով զանգակատուն:

Հեղափոխությունից հետո տաճարը վերածվել էր պահեստի, հետագայում՝ պարային ակումբի, գրում է vtomske.ru-ն: Եկեղեցու վերականգնումն իրականացվել է 2000-ականների սկզբին՝ գյուղում ծխական համայնք ստեղծելուց հետո: 2005 թվականից եկեղեցում գործում է երեխաների կիրակնօրյա դպրոց, վերականգնվել է եկեղեցական գրադարանը: