Պարետի որոշումների պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ  Հանրապետության ողջ տարածքում ոստիկանությունը շարունակում է իրականացնել արտակարգ ծառայություն` համագործակցելով իրավապահ այլ մարմինների, ինչպես եւ տեսչական ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունը։

Ոստիկանության արտաքին ստորաբաժանումների ծառայողները հսկողություն են իրականացնում փողոցներում, բակերում, կանգառներում, ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում, հասարակական տրանսպորտային միջոցներում եւ այլուր՝ արագ հակազդելով արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների ցանկացած խախտման։

Ընդհանուր առմամբ, արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է ավելի քան 63 հազար արձանագրություն։ Բացի այդ, ոստիկանության կարգախմբերը ստուգայցերի միջոցով արդյունավետ հսկողություն են իրականացնում ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողությունների ընթացքում, առեւտրի եւ հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում: