Իտալիայի իշխանությունները քննարկում են ավտոարդյունաբերության եւ զբոսաշրջության ոլորտում ներդրումները խթանելու համար ֆիսկալային միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը, որոնք ամենաշատն են տուժել կորոնավիրուսի համավարակից, ասել է վարչապետ Ջուզեպպե Կոնտեն, հայտնում է Reuters-ը:

Իտալիայի վարչապետը նշել է, որ հաջորդ շաբաթվանից երկրի կառավարությունը կսկսի մշակել համապատասխան հարկային բարեփոխումներ, սակայն մանրամասներ չի ներկայացրել:

Ավտոարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը Իտալիայի տնտեսության ամենակարեւոր ոլորտներն են: Երկրի ՀՆԱ-ում ավտոարդյունաբերության մասնաբաժինը 6,2% է, իսկ զբոսաշրջությանը՝ մոտ 13%:

ՄԱԿ-ի տվյալներով՝ Իտալիան աշխարհում հինգերորդ երկիրն է զբոսաշրջիկների այցելությունների թվով:

Սակայն, պարզվել է, այն ամենաշատն է տուժել կորոնավիրուսի համավարակից. երկիրում 35 000 մարդ այս հիվանդության զոհ է դարձել: