Իսպանական Տորելավեգա քաղաքում Սոցիալիստական աշխատավորական կուսակցության գլխավոր քարտուղար Բեռնարդո Բուստիլյոն ստիպված է եղել լքել իր պաշտոնը` սկանդալային միջադեպին պատահականորեն մասնակցելուց հետո, գրում է Independent-ը:

Քաղաքական գործիչների հեռավար հանդիպումը, որը սկսվել է առավոտյան 8-ին, տեւել է հինգ ժամ, եւ Բուստիլյոն սկսել է անհանգստանալ, որ չի հասցնի ցնցուղ ընդունել, որպեսզի դստերը տանի իր գործերով եւ հասնի լողի հրահանգչի իր երկրորդ աշխատանքին:

Քննարկմանը իր մասնակցությունը շարունակելու համար նա որոշել է նոթբուքը տեղափոխել բաղնիք, որտեղ սկսել է լսել քննարկումը՝ միաժամանակ ցնցուղ ընդունելով եւ չիմանալով, որ տեսախցիկը դեռ միացած է:

Արդյունքում սկանդալային տեսակոնֆերանսը դարձել է համացանցի սեփականությունը, եւ նրա մասնակցությամբ տեսանյութը դիտել են նրա բոլոր ծանոթներն ու լրագրողները:

Բուստիլյոն ստիպված է եղել հեռանալ քաղաքականությունից: Սակայն մինչ այդ նա ներողություն է խնդրել բոլորից, ում կարող էր շփոթեցնել տեսածը: Միաժամանակ, քաղաքական գործիչը հավելել է, որ իր գործողությունները հանցավոր բնույթ չեն կրել եւ չեն կարող ոչ էթիկական համարվել, քանի որ ինքն անկեղծորեն կարծել է, որ տեսախցիկը անջատված է: