Հայտնի է դարձել հուլիսի 3-ին Երեւանում վրաերթի հետեւանքով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացածի եւ վիրավորի ինքնությունը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ մահացածը Երեւան քաղաքի Բակունցի 2-րց նրբանցքի բնակիչ, 41-ամյա Արթուր Շադինյանն էր, իսկ վիրավորը նույն հասցեի բնակիչ, Սյուզաննա Հ.-ն է:

Աղբյուրի տեղեկություններով, մահացածը վիրավորի ամուսինն էր: Պարզվել է, որ վարորդ Ա. Ավետիսյանը աշխատում է Երեւանում գործող ՍՊԸ-ներից մեկում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 3-ին Երեւանում, ժամը 22:15-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 32-ամյա Աշոտ Ավետիսյանը իր վարած Nissan մակնիշի 69 AV 669 համարանիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում՝ «Մեգամոլ» առեւտրի կենտրոնի հարեւանությամբ, վրաերթի էր ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 2 հետիոտնի: Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր Երեւանի 1-03 շտապօգնություն, եւ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները վրաերթի ենթարկվածներին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Վարորդը տեղում ենթարկվել էր սթափության փորձաքննության. պարզվել էր, որ նա եղել էր սթափ: Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել էր Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ վրաերթի ենթարկվածները ամուսիններ են: