Սահմանադրությունը պարզ փաստաթուղթ չէ, այն շատ խոր իրավական փաստաթուղթ է, որի տակ հսկայական տեքստ է թաքնված, և ոչ բոլոր իրավաբաններն են ունակ՝ վերծանելու ամեն բառի տակ թաքնված է հսկայական տեքստ:  Այս մասին այսօր՝ հուլիսի 5-ին, Գոշավանքում ընթացող «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով 2-րդ խորհրդաժողովի ժամանակ ասաց Սահմանադրական բարեփոխումների գործող հանձնաժողովի անդամ Արթուր Ղամբարյանը:

«Ցավոք այսօր ես տեսնում եմ, որ մեր հասարակության մեջ շատ է վկայակոչվում  սահմանադրական նորմեր, այդ վկայակոչումները այնքան  անտեղի և բովանդակազուրկ են լինում, որ  անգամ հաճախ մասնագետը չի ցանկանում անդրադառնալ դրան»,- ասաց  բանախոսը:

Նրա խոսքով՝  Գոշավանքում հանդիպելը խորհրդանշական և շատ ուրախալի է, քանի որ հայ սահմանադրական իրավունքի պատմությունը  հաճախ կապվում է  պետական իրավունքի հետ,  սակայն  նա դրա հետ  համաձայն չէ:

«Մեր սահմանադրական իրավունքը և Սահմանադրությունը ճիշտ ճանաչելու համար պետք է հասկանանք օբյեկտիվ իրավունքի գոյությունը: Այսօր այն ժամանակաշրջանն է, երբ Հայ Առաքելական եկեղեցին, որպես ազգային եկեղեցի, պետք է ճանաչվի որպես հանրային իրավունքի սուբյեկտ: Եկեղեցու և պետության փոխհարաբերությունները պետք է կառուցվեն ոչ թե միայն պետության միակողմանի օրենքով, ինչպես այսօր է գրված, այլ եվրոպական երկրների փորձով:

Այնտեղ պետություն-ազգային եկեղեցի հարաբերությունները կարգավորվում են սահմանադրական համաձայնագրերով: Եվրոպական երկրներում երկու կողմերը հավասարը հավասարի սկզբունքով նստում են և համապատասխան փաստաթուղթ ստորագրում», - ասաց բանախոսը: