Հինգ մարդ է հրազենից սպանվել Չիկագոյում ընտանեկան երեկույթի ժամանակ․ զոհերից է նաեւ 7-ամյա աղջիկ եւ 14-ամյա դեռահաս, հաղորդում է Associated Press-ը։

Դեպքը տեղի է ունեցել շաբաթ՝ տեղական ժամանակով կեսգիշերին։ Չորս տղամարդ կրակ են բացել մարդկանց մեծ խմբի ուղղությամբ, որոնք հավաքվել էին Ինգլվուդի շրջանում, հայտնել են ոստիկանությունից։ Երկու տղամարդ տեղում մահացել է, եւս երկու մարդ՝ ներառյալ 14-ամյա դեռահաս, մահացել է հիվանդանոցում։

Հրաձգության զոհ է դարձել նաեւ 7-ամյա աղջիկ, որը մահացու վիրավորում էր ստացել գլխի հատվածում։

Չորս մարդ ստացել է վիրավորում։ Նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Հրաձիգները փախուստի են դիմել հանցանքի վայրից։ Դեռեւս ոչ մեկը չի ձերբակալվել։