Աշխարհում առաջին ոսկեզօծ հյուրանոցը բացվել է Վիետնամի մայրաքաղաք Հանոյում, գրում է Daily Mail-ը։
Այդ հյուրանոցում ամեն ինչ ոսկեզօծ է՝ սեղանի սպասքը, լողավազանները, զուգարանակոնքն ու լոգարանը, ինչը նոր նշանակություն է տվել «էքստրավագանտ» բառին, նշում է պարբերականը։
Անգամ շենքի դիմային հատվածն է ոսկեզօծ։
Այդ 5-աստղանի հյուրանոցի շինարարության արժեքը կազմել է 160 մլն ֆունտ ստերլինգ, իսկ հյուրանոցի արժեքն այնքան բարձր չէ՝ ընդամենը 250 դոլար մեկ գիշերվա համար։
Hoa Binh group կոնցեռնի ներկայացուցչի խոսքով՝ ընկերությունն ունի ոսկեզօծ իրերի արտադրությամբ զբաղվող գործարան, այդ պատճառով կահույքն ու վերանորոգումը հյուրանոցում կոնցեռնի համար համեմատաբար մատչելի է արժեցել։
Սակայն հարցը միայն ոսկեզօծ կահույքը չէ․ հյուրանոցի ռեստորանի մենյուում ներառված են ուտեստներ, որոնք ձեւավորված են յուրահատուկ «ոսկե» նյութով։
Չնայած համավարակի հետեւանքով սահմանված կարանտինի պատճառով զբոսաշրջության ոլորտում նկատվում է ճգնաժամ՝ հյուրանոցի սեփականատերերը հույս ունեն բավականաչափ գումար վաստակել արդեն հաջորդ տարի։