Դոնալդ Թրամփի վարչակազմը հնգամյա պայմանագիր է կնքել Oculus VR-ի հիմնադիր Փալմեր Լաքիի նոր Anduril Industries ընկերության հետ, ով փաստացի հեռացվել էր աշխատանքից Facebok-ից Թրամփի նկատմամբ իր համակրանքի համար: Համագործակցությունը Մեքսիկայի եւ Միացյալ Նահանգների միջեւ «վիրտուալ պատի» ստեղծման կհանգեցնի, որը սահմանը հատելու ապօրինի փորձերը կկանխի ԱԻ-ի օգնությամբ, փոխանցում է HighTech +-ը:

Anduril Industries-ը մինչեւ 2022 թվականը հսկման 200 «խելացի» կայան կտեղադրի սահմանի երկայնքով: Դրանց կառուցվածքն արտաքինից բավականին պարզ է․ յուրաքանչյուր աշտարակի հիմքում երկու մեծ արեւային վահանակ է, որոնց էներգիան բավարար է աշտարակի ամբողջ սարքավորման շուրջօրյա շահագործման համար: 10 մետրանոց աշտարակի վերեւում ցուցիչներ, տեսախցիկներ եւ ալեհավաքներ են տեղադրված՝ սահմանը հատելու պահին կենդանիներին, տրանսպորտային միջոցներին եւ մարդկանց հետեւելու համար, հայտնում է Engadget-ը:

«Մենք հստակ կիմանանք, թե ով է փորձում հատել սահմանը՝ մարդ, կով, ավտոմեքենա, ինքնաթիռ, թե նավ»,- պատմել է  Anduril-ի եկամուտների տնօրեն Ռիչարդ Շթեքմանը The Washington Post-ին տված հարցազրույցում:

Սակայն համակարգի հիմնական առանձնահատկությունը Latur AI-ն է: Արհեստական ինտելեկտը կհավաքի բոլոր տեսախցիկներից եւ ցուցիչներից ստացված տվյալները, կնույնականացնի շարժվող օբյեկտները եւ տեղեկատվությունը կփոխանցի սահմանային ծառայությանն եւ իրավապահ մարմիններին:

«Այս աշտարակները ծառայողներին թույլ են տալիս արդյունավետորեն գործել հանցավոր ցանցերի դեմ, որոնք նպաստում են սահմանը հատելու ապօրինի փորձերին»,- հայտարարել է ԱՄՆ սահմանապահ ծառայության ղեկավար Ռոդնի Սքոթը։