Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ եւ շնորհավորել նրան ծննդյան 80-ամյակի առթիվ:

Ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը նշել է, որ Նուրսուլթան Նազարբաեւը մեծ վաստակ ունի Ղազախստանի զարգացման, միջազգային ասպարեզում նրա դերի ամրապնդման, ինչպես նաեւ եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների խթանման գործում:

Հայաստանի նախագահը բարձր է գնահատել Ղազախստանի առաջին նախագահի մեծ ներդրումը Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ քաղաքական, տնտեսական եւ հումանիտար ոլորտներում փոխշահավետ համագործակցության մեջ:

Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի ու Ղազախստանի միջեւ հաստատված ավանդական բարեկամական հարաբերություններն այսուհետ եւս կշարունակեն հաջողությամբ զարգանալ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով:

Նախագահ Արմեն Սարգսյանը Նուրսուլթան Նազարբաեւին մաղթել է քաջառողջություն, հաջողություններ եւ ամենայն բարիք: