2020թ. հուլիսի 3-ին՝ ժամը 19:45-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի ծառայողները, Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում ծառայություն իրականացնելիս, նկատել են, որ «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորը, խախտելով ՀՀ պարետի որոշումը, պաշտպանիչ դիմակ չի կրում, եւ կանգնեցրել են:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նշված ավտոմեքենայի ուղեւորը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, դուրս է եկել ավտոմեքենայից, վիճաբանել ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանների հետ, չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, ձեռքերով հարվածներ է հասցրել եւ քաշքշելով պոկել է համազգեստի կոճակները՝ այդ կերպ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ գործադրելով ոչ վտանգավոր բռնություն:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում: Ոստիկաններից երեքը ճանաչվել են տուժող:

Պարզվել է ոստիկանների նկատմամբ առերեւույթ բռնություն գործադրած քաղաքացու ինքնությունը, որը Ստեփանավան քաղաքի բնակիչ է: Վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության Ստեփանավանի բաժին, հարցաքննվել դեպքի շուրջ եւ նույն օրը ձերբակալվել՝ ոստիկանների նկատմամբ առերեւույթ բռնություն գործադրելու կասկածանքով:

Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի, դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրության եւ հագուստների զննություններ, առգրավումներ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, հարցաքննվել են դեպքին ականատես վկաներ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու համար: