Մարդիկ պետք է հասկանային, որ հայ եկեղեցին այն հաստատությունը չէ, որի դեմ կարելի է սուր ճոճել և հաղթող դուրս գալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից շրջանառության մեջ դրած Հանրակրթության պետական չափորոշիչների մասին նախագծին, համաձայն որի՝ Հայ եկեղեցու պատմություն առարկան որպես առանձին առարկա հնարավոր է` չդասավանդվի։

Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ նախատեսվում է, որ 5-6-րդ դասարաններում Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները կներկայացվեն մեկ ինտեգրված առարկայով, այն է՝ Հայրենագիտություն, իսկ 7-12-րդ դասարաններում՝ առանձին առարկաներով:

«Իբրև հոգևորական, եպիսկոպոս, իբրև հայ քաղաքացի ինչպե՞ս կարող եմ չընդդիմանալ այդպիսի բանին։ Վերջ ի վերջո առաջին քրիստոնյա պետության քաղաքացի եմ, և ես ուզում եմ ունենալ քրիստոնյա հասարակություն։ Ես ուզում եմ ունենալ քրիստոնյա դպրոց, ինչքան ուզում են ասել աշխարհիկ դպրոց, ես ուզում եմ ունենալ քրիստոնյա դպրոց, որովհետև հայ եկեղեցու պրոդուկտն է հայ դպրոցը։ Ինչպե՞ս կարելի է հայ եկեղեցուն օտարել դպրոցից, սա ի՞նչ մոտեցում է։ Հանցագործություն է հայ ժողովրդի և հայ ինքնության նկատմամբ արվածը»,- ասաց Սրբազան Հայրը։

Շիրակի թեմի առաջնորդը վտանգներ է տեսնում։ Ասում է՝ այս ամենի հետևանքով ունենալու ենք սերունդ, որը դաստիարակվելու է առանց հայ եկեղեցու արժեքների և հայ եկեղեցու հետ կապված հարցերում կլինի կիսագրագետ կամ էլ անգրագետ։ Նրա համոզմամբ՝ հայերս հսկայական ժառանգության կրող ենք, իսկ երբ Հայ եկեղեցու պատմություն առարկան հանվի ծրագրից, ապա հայ եկեղեցու պատկանելության զգացումը քաղաքացու մոտ կկորչի, և հետևաբար դրանից ժառանգության կցորդ էլ չի լինի։

Մեր դիտարկմանը, թե ի՞նչ հանդիպման մասին է խոսքը, որի մասին բարձրաձայնել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, Սրբազան Հայրն ասաց, որ դեռևս մայիսն իր նախաձեռնությամբ հանդիպում է ունեցել փոխնախարարի հետ։

«Շատ սիրալիր զրույց ենք ունեցել մեկ ժամ։ Շոշափել ենք բոլոր հնարավոր և անհնարին թեմաները, բայց դա եղել է պարզ զրույց, ոչ թե քննարկում։ Իմ հարցը ընդամենը եղել է այն, որ իրենք ձևավորեն հանձնախումբ, որպեսզի մենք հանձնախմբով գանք հանդիպենք իրենց հետ և բոլոր հարցերը քննարկենք։ Հիմա նոր իմանում ենք, որ ինչ-որ հանձնախումբ կարծես թե Կառավարությունը հաստատել է, որից մենք տեղյակ չէինք։ Իսկ մինչ հանձնախմբերը իրար կհանդիպեին՝ բոլոր հարցերը կարծես թե լուծվել են իրենց համար, իրենք իրենց համար որոշել են, որ հայ եկեղեցու պատմությունը պիտի հանեն, հիմա անհրաժեշտ էլ չեն համարել երևի թե, որ մեզ հետ պետք է այդ հարցը քննարկվի»,- ասաց նա։

Մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նախաձեռնի և քննարկում ունենա ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների հետ, Սրբազան Հայրն ասաց, որ իրենց հնարավորությունը սահմանափակ է։

«Մենք կարող ենք նախաձեռնել, իրենք չմասնակցեն։ Եթե իրենք քննարկելու ցանկություն ունեն, միշտ պատրաստ ենք։ Եվ մենք այդ կարողությունն ու հնարավորությունն էլ ունենք իրենց հետ ցանկացած հարցով խոսելու։ Այնպես չէ որ իրենք կրթության փորձագետներ են, մենք էլ կիսագրագետ մարդիկ ենք։ Մեր սերունդն արդեն 30-35 տարվա հոգևորական է, մեծ մասը նաև մանկավարժական գործունեություն է անցկացրել, այնպես չի, որ մենք այդ բաներից չենք հասկանում։ Այսօրվա սերունդը, որը եկել է և հարցեր են ուզում լուծել՝ ոչ թե 30 տարվա գործունեություն չունեն, այլ 30 տարվա կյանք չունեն»,- նշեց Սրբազան Հայրը։

Շիրակի թեմի առաջնորդը որևէ միտում այս ամենում չի տեսնում, ասում է՝ ուզում եմ հավատալ, որ սա միամտության արդյունք է։

«Որ միամտաբար ցանկանում են լավ բան անել, բայց չգիտեն, թե ինչ են անում։ Ես սրան եմ ուզում հավատալ, չեմ ուզում հավատալ, որ իրենք ինչ-որ բան հատուկ անում են հայ եկեղեցու դեմ, որովհետև հայ եկեղեցու դեմ ինչ-որ բան անելը ինքնասպանություն է․ հայ եկեղեցին կմնա, կշարունակի իր առաքելությունը, իսկ իրենք կգնան դեպի մոռացություն։ Ցանկացած մեկը, որ սուր է բարձրացրել հայ եկեղեցու դեմ՝ գնացել է, հայ եկեղեցին մնացել է։ Հայ եկեղեցին Միքայել եպիսկոպոսը չի, իմ մասին էլ դժվար թե 50 տարի հետո որևէ մեկը հիշի, բայց 50 տարի հետո հայ եկեղեցին կլինի, բայց այսօրվա իշխանությունը հաստատ չի լինի»,- եզրափակեց Սրբազան Հայրը՝ հավելեով, որ հայ եկեղեցին այն հաստատությունը չէ, որի դեմ կարելի է սուր ճոճել և հաղթող դուրս գալ։