Արարատի մարզում հուլիսի 4-ին տեղի ունեցած ուժեղ քամու և պտտահողմի հետևանքով տուժել է նաև Մասիս քաղաքի վարչական տարածքում գործող Մասիսի ջայլամաբուծական ֆերման։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ֆերմայի տնօրեն՝ 65-ամյա Արմենակ Ասատրյանը ֆոտոլրագրողի հետ զրույցում ասել է. «Այնքան կարճ տևեց այդ ուժեղ քամին ու պտտահողմը։ Ջայլամների համար նոր կառուցված գոմերի թիթեղյա հսկայական տանիքը վերցրեց ու շուռ տվեց։ Միակ սփոփանքն այն է, որ մարդկային կորուստներ չունեցանք, բայց մոտ 1,5 մլն դրամանոց որձ ջայլամը վնասվածք ստացավ ու քանի որ հնարավոր չէր բուժելով փրկել նրան, ստիպված մորթեցինք։ Չգիտեմ՝ արդյոք արժե՞ դիմել Արարատի մարզպետարան, եսի՞մ, կօգնե՞ն, թե՞ նախորդ դեպքի նման կգան, կնկարեն ոչ էլ օգնության ձեռք կմեկնեն։ Եթե հիմա բարի կամք դրսևորեն և գոնե մի քիչ օգնեն, էլի գոհ կլինեմ»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019-ի դեկտեմբերի 4-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:45-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայություն ահազանգ էր ստացվել, որ Մասիս քաղաքի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում նոր կառուցվող Մասիսի ջայլամաբուծական ֆերմայի տարածքում, կասկածելի հանգամանքներում հոշոտվել են մեծ թվով ջայլամներ:

Ոստիկաններն ու փրկարարները նշված ֆերմայում հայտնաբերել էին 25 հոշոտված 4-7 ամսական ջայլամներ, իսկ ևս 8 ջայլամ վնասվածքներ էր ստացել: Նշված ֆերման վարկով ստեղծել էր Մասիս քաղաքի բնակիչ, 65-ամյա Արմենակ Ասատրյանը և ֆերմայի շնորհիվ բացվելու էին նաև աշխատատեղեր, ինչը մեծ նշանակություն կունենար բնակիչների համար: