ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր՝ 06.07.2020թ, ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանում: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքից։

Այդ վարչական շրջանի «Նոր Զովք» առևտրի կենտրոնում ՍԱՏՄ տեսուչներն արձանագրել են մի քանի խախտումներ՝ թերի են լրացվել աշխատակիցների ջերմաչափման գրանցամատյանները, կենսաթոշակային տարիքի հաճախորդների համար նախատեսված՝ 10-ից 12-ն ընկած, ժամանակահատվածում սպասարկվել են նաև այլ հաճախորդներ: Մասնագետները տարածքի հանրային սննդի օբեկտներում ևս արձանգրել են խախտումներ, որոնք հիմնականում կապված են եղել ախտահանման գրանցամատյանների ոչ ճիշտ լրացման հետ, իսկ մի կետում չի կատարվել պատշաճ ախտահանում: Տնտեսավարողները խոստացել են արագ շտկել բոլոր թերացումները:

Հայտնաբերված խախտումների մասին արձանագրությունները կներկայացվեն պարետատուն:

Խստացված մշտադիտարկումներ են եղել նաև հանրապետության ողջ տարածքում:

Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմնի ներկայացուցիչները հորդորում են տնտեսավարողներին խստագույնս պահպանել կորոնավիրուսով չվարակվելու համար սահմանված անվտանգության նորմերը և հետամուտ լինում դրանց կատարմանը: