Միջուկային գործարքը շանսեր չի ունենա, եթե ԱՄՆ-ը պահանջի երկարաձգել Իրանի դեմ զենքի էմբարգոն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին «Մնենիե» ծրագրի հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«ՄԱԿ ԱԽ 2231 բանաձեւը նախատեսում է, որ հոկտեմբերին Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկվում են, սակայն ամերիկացիները հայտարարում են, որ չեն հետեւի այդ բանաձեւին: Վերջերս նրանք ՄԱԿ ԱԽ նիստ նախաձեռնեցին՝ նպատակ ունենալով նախադրյալներ ստեղծել Իրանի դեմ զենքի էմբարգոն երկարաձգելու համար: Եթե ԱՄՆ-ին դա հաջողվի, ապա մենք կհաստատենք ԳՀՀԾ-ի մահը»,-ասել է նա:

Ջալալին երախտագիտություն է հայտնել Ռուսաստանին, որ Չինաստանի հետ միասին դեմ է հանդես եկել ՄԱԳԱՏԷ-ի բանաձեւին, որը պահանջում է Իրանից հասանելիություն տրամադրել 2 օբյեկտներին, որտեղ հնարավոր է չհայտարարված միջուկային նյութի պահպանում: