«ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ-ն ՀՀ Առողջապահության նախարարությանը նվիրաբերել է մոտ 7 միլիոն դրամի առաջին անհրաժեշտության մաքրող միջոցներ եւ անձնական խնամքի պարագաներ ու սնունդ, ինչպես նաեւ` 3 միլիոն դրամ արժողությամբ մաքրող եւ ախտահանող սարքավորում` նախատեսված շինությունների եւ տարածքների սանիտարահիգիենիկ աշխատանքների իրականացման համար (ֆոտոռեպորտաժ):

Ապրանքատեսականին կորոնավիուսային հիվանդություն ունեցող պացիենտների բուժմամբ զբաղվող բուժհաստատություններին կփոխանցվի ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:

Կենտրոնի տնօրեն Դավիթ Ալթունյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ բուժհաստատություններում սանիտարահիգիենիկ սարքավորումների կիրառումն ու ախտահանիչ միջոցառումների ձեռնարկումը կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի կարեւորագույն լուծումներից են:

«ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ»-ի եւ Առողջապահության նախարարության միջեւ համագործակցությամբ պայմանավորված` այս ողջ ապրանքատեսականին (մոտ 10 միլիոն դրամի ապրանք) բերվել է մեզ մոտ` հետագայում բուժհաստատություններին բաշխվելու նպատակով, ինչի համար շնորհակալ ենք եւ «ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ»-ին եւ աջակից բոլոր ընկերություններին: Հիմնականում տնտեսական բնույթի ապրանքներ են` հիվանդանոցային տարածքների համար նախատեսված մաքրող, լվացող միջոցներ, ինչը, հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը, էլ ավելի է նպաստելու այն բոլոր պայմանների պահպանմանը, որոնք անհրաժեշտ են վիրուսի տարածումը կանխարգելելու համար»,-իր խոսքում շեշտեց նա:

«ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ-ն նվիրատվությանն աջակցելու համար շնորհակալություն է հայտնում Ace, Comet, Joly, Evony, TD Holding ապրանքանիշներին: