Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը Անկարայում Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուի հետ բանակցությունների արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ շփոթել է Ռուսաստանին եւ Թուրքիային, հաղորդում է TRT-ը:

«Կարծում ենք, որ հետագայում, երբ համաճարակային սահմանափակումները չեղարկվեն, մենք կարող ենք ակտիվացնել մեր երկխոսությունը: Շատ խնդիրներ ունենք, որոնց մասին պետք է խոսենք: Մենք պետք է շարունակենք համատեղ ջանքերը՝ Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունները լավացնելու համար»,-ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ապա նա ժպտացել է եւ իրեն ուղղել՝ «Թուրքիայի, Թուրքիայի հետ»:

Թուրքիայի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունները սրվել են հունիսին Միջերկրական ծովում ֆրանսիական եւ թուրքական ռազմանավերի միջեւ տեղի ունեցած միջադեպից հետո: