Մենք հասկանում ենք, որ չենք կարող անվերջ արտակարգ դրությունը երկարացնել, բայց ըստ ամենայնի, այս անգամ մենք արտակարգ դրությունը կերկարացնենք: Այս մասին, այսօր՝ հուլիսի 6-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք կփորձենք արտակարգ իրավիճակների մասին օրենսդրությունը կատարելագործել այնպես, որ արտակարգ դրության ռեժիմի վերացման պայմաններում մենք գործիքները ունենանքարտակարգ իրավիճակի ռեժիմում որոշակի հակահամաճարակային քաղաքականություն վարել:

Այո, մենք էլ ենք քննարկում, որ չենք կարող անընդհատ արտակարգ դրությունը երկարացնել, դա խնդիր է: Բայց մենք նաեւ չենք կարող հաշվի չառնել հակահամաճարակային իրավիճակը: Կփորձենք գալ  հնարավորինս բալանսավորված լուծումների: Ամեն ինչ տանում է նրան, որ առնվազն եւս մեկ անգամ կերկարացնենք արտակարգ դրությունը: Այսօրվա տեմպը ցույց է տալիս, որ այլ բան անել չենք կարող»,-ասաց Փաշինյանը:

Նա նկատեց, որ այո, հիմա իրավիճակը հարաբերականորեն կայուն է, բայց ոչ ոք չի կարող ասել, որ իրավիճակը վաղը 180 աստիճան գլխիվայր չի պտտվի. «Չկա երաշխիք, որ ինչ-որ պահի չենք ունենա օրական 800-1000 դեպք»: