Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ հիմնվելով նոր հետազոտության ենթադրությունների վրա, հայտարարել է, որ 73 երկիր բախվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ՄԻԱՎ-ի դեմ դեղամիջոցների սպառման ռիսկի հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

73 երկրներից 24-ը հայտարարել է հակառետրովիրուսային դեղամիջոցների պաշարների պակասի կամ այդ կենսական կարեւորության դեղամիջոցների մատակարարումներում խնդիրների մասին:

ԱՀԿ-ի տվյալներով՝ իրավիճակը կարող է անդրադառնալ 8,3 մլն մարդու վրա, որոնք ՄԻԱՎ վարակի դեմ բուժում են անցնում:

ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Հեբրեյեսուսի խոսքով՝ տվյալ հետազոտության արդյունքները լուրջ մտահոգություն են առաջացնում:

«Մենք չպետք է թույլ տանք կորոնավիրուսի պանդեմիային զրոյացնել այդ հիվանդության դեմ գլոբալ պայքարի ջանքերը»,-ասել է նա:

ԱՀԿ եւ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ համատեղ ծրագրի տվյալների համաձայն՝ 2000-2019 թվականներին աշխարհում ՄԻԱՎ վարակի տարեկան նոր դեպքերի թիվը կրճատվել է 39%-ով: Այդ շրջանում ՄԻԱՎ-ից մահացությունը նվազել է 51%-ով, մոտ 15 մլն կյանքեր են փրկվել հակառետրովիրուսային դեղամիջոցների շնորհիվ: