Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը թանգարանից մզկիթի փոխելը նման է աշխարհը միջնադար վերադարձնելու թուրքական իշխանությունների փորձի, կարծում է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Թուրքիայի Գերագույն վարչական դատարանը` Պետական խորհուրդը, հինգշաբթի օրը քննել է Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը փոխելու եւ այն մզկիթի վերածելու հարցը: Պետխորհուրդը կարծում է, որ տաճարի կարգավիճակը փոխելու համար նախագահի հրամանագիրը բավարար է, հաղորդում է հունական ERT հեռուստատեսությունը: Որոշումը կհրապարակվի 15 օրվա ընթացքում: Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլութ Չավուշօղլուի խոսքերով՝ իր երկիրը իրավունք ունի փոխել տաճարի կարգավիճակը՝ վերածելով այն մզկիթի, առանց հաշվի առնելու այլ պետությունների կարծիքները:

«Այսպիսով, ակնհայտ է որոշ հավատացյալների (մահմեդականների) ոգին ուրիշների (քրիստոնյաների) նկատմամբ բարձրացնելու, կրկին հազարամյա բյուզանդական քաղաքակրթության ջարդերի սարսափը հիշեցնելու անհարկի փորձը, որի ճարտարապետական գլուխգործոցն այնուհետեւ հարյուրամյակներ շարունակ օգտագործվել է որպես դրա ստեղծողների նկատմամբ հաղթանակի ապացույց: Քեմալ Աթաթուրքի Թուրքիան, որին Խորհրդային Ռուսաստանը օգնել է դիմանալ եւ ոտքի կանգնել, հնարավոր է համարել շրջել անցյալի արյունոտ էջը, համենայն դեպս՝ Սուրբ Սոֆիայի հանդեպ: Այնպիսի տպավորություն է, որ այսօրվա Թուրքիայի իշխանությունները ցանկանում են մեզ վերադարձնել միջին դարեր»,- ասել է պատգամավորը, ում խոսքերն է մեջբերել նրա մամուլի ծառայությունը:

Խորհրդարանականն ընդգծել է, որ Սուրբ Սոֆիայի տաճարը նույնիսկ թանգարանային կարգավիճակում շարունակում է մնալ ուղղափառ աշխարհի ամենամեծ սրբությունը, որը հատկապես թանկ է Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի եւ ԱՊՀ այլ երկրների ուղղափառ քրիստոնյաների համար, քանի որ այստեղ է մկրտվել իշխանուհի Օլգան, այստեղ են իշխան Վլադիմիրի դեսպանները տեսել «Երկինքը Երկրի վրա»՝ համոզելով նրան այնուհետեւ ընդունել ուղղափառություն։