2019 թվականին այս օրը Արարատի մարզի Զոդի կամրջի վրա տեղի ունեցավ ողբերգական ավտովթար։ Ավտովթարի հետեւանքով մահացավ 7 մարդ,  4 մարդու առողջությանը պատճառվեցին ծանր մարմնական վնասվածքներ։ Մահացածների հարազատները վթարի զոհերի հիշատակին հունիսի 28-ին խաչ են տեղադրել կամրջին։ Այսօր՝ հուլիսի 6-ին, հարազատների ներկայությամբ քահանան օրհնեց խաչը։

NEWS.am-ի հետ զրույցում տուժողների հարազատները հայտնեցին, որ վիրավորված են պետությունից. մինչեւ այսօր որեւէ պաշտոնյայից ցավակցություն չեն ստացել.

«Ոչ մեկ չի ասում, թե դա դիտավորյալ է եղել։ Իրենք անշնորհք են, 7 ընտանիքից ոչ մեկի դուռը չեն բացել, չեն ցավակցել, բոլորին դա է բորբոքել»։

Տուժողի իրավահաջորդներից մեկը ներկայացրեց, թե դատավարությունն ինչ փուլում է.

«Դատավարությունը դեռեւս գտնվում է վկաների հարցաքննության փուլում։ Անցած դատական նիստին որպես վկա հարցաքննվել էր ՇՄՇ 23-ի գործադիր տնօրեն Հայկ Մաթեւոսյանը, որը տեղյակ է եղել, որ Սողոմոն Հակոբյանն ունեցել է բազմաթիվ հիվանդություններ, ու նա պատճառաբանում է՝ ի՞նչ է որ, բոլորս էլ ունենք շաքարային դիաբետ, զարկերակային ճնշում։ Հիմա կդիմեմ քննչական մարմիններին, նրանց, որոնք տրամադրել են հիվանդության պատմության վերաբերյալ փաստաթղթերը, ո՞վ է տրամադրել այդ մեքենան Սողոմոն Հակոբյանին։ Այդ հիվանդությունների տեր մարդն իրավունք է ունեցել աշխատել որպես հիմնարկի գլխավոր ինժեներ, իրավունք է ունեցել ամեն օր 200 կմ երթեւեկել, ինչի հետեւանքով տեղի է ունեցել այս դժբախտ պատահարը։ Նրա փաստաբանն էլ միջնորդություններով է հանդես եկել դատարանումն՝ բացարկ հայտնելով դատախազին, ստորագրությունով ազատ են արձակել Սողոմոն Հակոբյանին, քանի որ նա ունի ծանր հիվանդություններ»։

Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունեն դատավարությունից, տուժողի ներկայացուցիչներից մեկն ասաց. «Ես իրենց ձեռքի թաշկինակը չեմ, որ ինձ ամեն օր տանեն-բերեն։ Բաց թողեք՝ թող գնա այդ մարդը, բաղ թողեք հրապարակի մեջտեղը բենզինով կվառեմ։ Եթե իրեն ազատ արձակեն, ինքս 20 լիտր բենզինն իր տան վրա շաղ կտամ ու պաժառ կտամ։ Երեխայիս հետ կգնամ ու կհրաժարվեմ Հայաստանից։ Սա պետությո՞ւն է, որտե՞ղ ենք ապրում։ Եթե ինքն իրեն գաղութում չսպանեց, ընտանիքի հետ է պատասխան տալու։ Տուն-տեղս քանդել է, ընտանիք եմ կորցրել։ Ամեն դատի մտնելիս քմծիծաղ է տալիս։ Գոնե ինքն իրենից չի ամաչո՞ւմ։ Դեպք է, պատահել է, թող գա ծնկի իջնի, ասի՝ ախպեր, հիմա եղել է, ի՞նչ անեմ։ Վարչապետ, վեր կաց, ոտքի կանգնի, էսքան ծնող քեզ է սպասում։ Ի՞նչ պատասխան ես տալիս, անխիղճ։ Եկանք ընտրեցինք՝ ի՞նչ արեցիր մեր համար»։

Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 6-ին, Արարատ քաղաքի Զոդի կամրջի վրա, միմյանց են բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ է բռնկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետեւ հրդեհը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում:

«Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սողոմոն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սողոմոն Հակոբյանը խախտել է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները եւ ճանապարհային երթեւեկության կանոնները, որն անուշադրությամբ առաջացրել է 7 մարդու մահ, եւ 4 մարդու առողջությանը պատճառվել են ծանրության եւ ծանր մարմնական վնասվածքներ։