Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Բարձր գնահատելով գործընկեր կառույցների փոխհամագործակցության մակարդակը՝ երկրի ղեկավարն ընդգծել է, որ նույն կրթական համակարգն ունեցող հայկական երկու հատվածների համաձայնեցված շարունակական աշխատանքն օրվա հրամայական է, եւ այդ համատեքստում շատ կարեւոր է ոլորտում նախաձեռնվող բարեփոխումների ծրագրերի քննարկման փուլերին արցախցի մասնագետների ներգրավումը: Հանրապետության նախագահի խոսքով՝ համավարակի հետեւանքով կրթական ոլորտում ստեղծված դժվարությունները նոր մարտահրավերներ են առաջացրել, որոնց այլընտրանքային լուծումները գտնելու համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ: ՀՀ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՀ նախագահին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ բարձրացված հարցերն անպայման տեղ կգտնեն երկու գերատեսչությունների միջեւ ծավալվող համատեղ աշխատանքային քննարկումներում: Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ կրթության, գիտության եւ մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը: