Մենք կարող ենք վարվել այնպես, ինչպես ուզում ենք՝ սահմանված կանոնների շրջանակներում, բայց պետք է գիտակցենք նաեւ այդ վարքագծի ռիսկայնության աստիճանը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով NEWS.am-ի դիտարկմանը, որ առողջապահության նախարարը կոչ էր արել չայցելել ռեստորաններ, սրճարաններ, մինչդեռ շատ պատգամավորներ այցելում են, իսկ վարչապետն էլ նախարարի դիրքորոշմանը հակասող հայտարարություն էր արել՝ նշելով, որ միակ պահանջը դիմակ կրելն է եւ սոցիալական հեռավորություն պահպանելը:

«Այո, կյանքը շարունակվում է Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, բայց նույնիսկ սահմանված կանոններն իրենց մեջ ինչ-որ ռիսկ են պարունակում: Հանրային սնունդն իր մեջ ավելի մեծ ռիսկ է պարունակում, քան այլ տեսակները, որովհետեւ հանրային սննդի, ընդհանրապես սնվելու պրոցեսում դու գործողություններ ես իրականացնում, որի ժամանակ մեծ քանակի վիրուսային մասնիկներ ես արտաբերում շրջակա միջավայր եւ դա կարող է տարբեր մարդկանց վարակման պատճառ դառնալ: Դրա համար ես որպես մեծ ռիսկայնություն ունեցող վարքագիծ նշել էի նաեւ դա: Ուրիշ ռիսկային բաներ էլ կարող եմ նշել, օրինակ երգեցողությունը ամենառիսկային  գործողության տեսակներից մեկն է, որովհետեւ մեծ քանակի վիրուսային մասնիկներ ես արտաշնչում  շրջակա միջավայր»,-ասաց նախարարը: