Պետական եկամուտների կոմիտեն հետեւողականորեն շարունակում է հսկողական միջոցառումներ իրականացնել իրավախախտումների բացահայտման  ուղղությամբ: ՊԵԿ աշխատակիցների հսկողության թիրախում՝ մասնավորապես, մաքսային կանոնների խախտման փորձերն են:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ համավարակի տարածման պայմաններում բեռնատարների որոշ վարորդներ, օգտվելով ստեղծված իրավիճակից, մաքսային հսկողությունը շրջանցելով, փորձում են հանրապետություն ներկրել թաքցված ապրանքներ: Սակայն, նման դեպքերը եւս գտնվում են կոմիտեի տարբեր ստորաբաժանումների ամենօրյա հսկողության ներքո:

Այսպես, Պետական եկամուտների կոմիտեի Արեւելյան մաքսատուն-վարչության աշխատակիցներն օրերս Բագրատաշենի մաքսակետում զննության են ենթարկել Վրաստանից ժամանած՝ ՀՀ քաղաքացու կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը: Տեսազննման արդյունքում բեռնատարի կցորդի ներքեւի հատվածում հատուկ պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված նոր հագուստ:

Մեկ այլ դեպքով էլ՝ կրկին Բագրատաշենի մաքսակետում, բացահայտվել է մաքսային կանոների խախտման հերթական դեպքը: Այսպես, մաքսային տեսուչի հարցմանն ի պատասխան՝ բեռնատարի վարորդը նշել է, որ մեքենայում հայտարարագրման ենթակա են միայն պահեստամասերը: Այնինչ, բեռնատարի սրահի տեսազննման արդյունքում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված տարբեր մոդելի բջջային  հեռախոսներ:

Դեպքերի առթիվ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ կազմվել է արձանագրություն:

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ մաքսային կանոնները խախտելուց: Օրենքի շրջանցման յուրաքանչյուր փորձ բացահայտվելու է ՊԵԿ աշխատակիցների խիստ հսկողության արդյունքում: