Ամերիկյան անօդաչու թռչող սարքերի գրոհը, որի հետեւանքով սպանվել է իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանին, «ապօրինի» էր: Այսպիսի եզրակացության է հանգել արտադատական, ամփոփ կամ կամայական մահապատժի ենթարկելու հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ագնես Կալամարը, հայտնում է AFP-ը:

Նա նշել է, որ դա «կամայական սպանություն» է, որը խախտում է ՄԱԿ կանոնադրությունը: Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ը որեւէ ապացույց չի ներկայացրել այն մասին, որ նախատեսվել է մոտալուտ հարձակում ԱՄՆ-ի շահերի դեմ:

Զինված անօդաչու թռչող սարքերի օգնությամբ նպատակային սպանությունների վերաբերյալ նրա զեկույցը, որի կեսը վերաբերում է Սուլեյմանիի գործին, կներկայացվի հինգշաբթի Ժնեւում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում:

Միացյալ Նահանգները խորհուրդից դուրս են եկել 2018թ.

«ԱՄՆ-ի կողմից մինչ օրս տրամադրված ապացույցների լույսի ներքո՝ գեներալ Սուլեյմանիի վրա հարձակումը եւ նրա ուղեկիցների մահը կամայական սպանություն է, որի համար, IHRL-ի (մարդու իրավունքների միջազգային իրավունք) համաձայն, պատասխանատու է ԱՄՆ-ը»,- ասվում է զեկույցում: