Կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհում սովյալների թիվը կարող է հասնել մեկ միլիարդի, զգուշացնում է «Օգնություն աշխարհի սովյալներին» (Welthungerhilfe) գերմանական բարեգործական կազմակերպությունը: Մասնավորապես, Աֆրիկայի երկրներում եւ հարավային կիսագնդի այլ պետություններում COVID-19-ով պնեւմոնիայի դեպքերը աճում են, շատերը կորցնում են աշխատանքը, տնտեսությունը տառապում է, պարենային ապրանքների գները աճում են, իսկ առողջապահական համակարգերը`ձախողվում են,- ասել է Բեռլինում Welleungerhilfe-ի ղեկավար Մարլեն Թիմեն՝ ներկայացնելով կազմակերպության տարեկան զեկույցը, հայտնում է DW-ը:

Կորոնավիրուսը խորացնում է արդեն գոյություն ունեցող խնդիրները եւ ճգնաժամերը, ինչպիսիք են երաշտը, կլիմայի փոփոխությունը, զինված բախումները եւ առողջապահության համակարգի սխալները, նշվում է զեկույցում: Ընդ որում, աշխարհում քաղցած մարդկանց թիվը կարող է աճել առաջիկա ամիսներին, եւ ամենից շատ համավարակի հետեւանքներից կտուժեն զարգացող ու անցումային տնտեսություն ունեցող երկրները, կարծում է Welleungerhilfe-ն: Մասնավորապես, տրանսպորտի եւ առեւտրի սահմանափակումների պատճառով խափանվում են մատակարարման շատ ցանցեր, իսկ տնտեսական խնդիրները հանգեցնում են աղքատության աճի:

Մտավախություններ կան, որ 2020 թվականին իրավիճակը, որում գտնվում են բնակչության աղքատ շերտերը, վատթարանում է, ասել է Թիմեն: Welthungerhilfe-ն կարծում է, որ կլիմայի փոփոխությունը շարունակում է մնալ սովի տարածման հիմնական պատճառներից մեկը: Այն, մասնավորապես, հանգեցնում է եղանակային արտակարգ պայմանների, ինչպիսիք են շոգը, երաշտը, ցուրտը կամ հորդառատ անձրեւները: Նրանցից «ավելի շատ տուժում են «նրանք, ովքեր ամենաքիչ պատասխանատվությունն են կրում», նշվում է զեկույցում:

Welthungerhilfe-ի տվյալներով՝ աշխարհում ներկայում քաղցած է մնում մոտ 821,6 միլիոն մարդ, որը կազմում է աշխարհի բնակչության 11%-ը: Ընդ որում, 47 երկրներում սննդի իրավիճակը գնահատվում է որպես լուրջ, շատ լուրջ կամ աղետալի: