Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ պարետային ժամ կմտցնի՝ Բելգրադում կորոնավիրուսի վարակի վատթարացման հետ կապված։ Նա դա ասել է ազգին ուղղված ուղերձում, հայտնում է տեղական RTS հեռուստաալիքը:

«Ուրբաթից երկուշաբթի մենք կմտցնենք երկարատեւ պարետային ժամ»,- ասել է նա: Պետության ղեկավարը նշել է, որ կցանկանար պարետային ժամ սահմանել ամբողջ Սերբիայում, սակայն այս հարցով կխորհրդակցի կառավարության եւ ճգնաժամային շտաբի հետ:

Վուչիչը հայտարարել է, որ հուլիսի 8-ից կարգելվեն ավելի քան հինգ հոգու մասնակցությամբ հավաքները՝ փակ տարածքներում եւ դրսում: Որոշումը պայմանավորված է նրանով, որ Բելգրադում համաճարակաբանական իրավիճակը անհանգստացնում է տեղական իշխանություններին, բացատրել է Սերբիայի ղեկավարը:

Վուչիչի խոսքերով՝ Սերբիան պատրաստվում է կորոնավիրուսի նոր ալիքի, այդ պատճառով որոշվել է COVID-19-ով վարակվածների համար կառուցել երկու մեծ հիվանդանոց, իսկ երկրի բնակիչներին կտրամադրվի տասը մոդուլային հիվանդանոցներ, որոնք անհրաժեշտության դեպքում կտեղափոխվեն տարբեր վայրեր, հայտնում է РБК-ն:

Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հուլիսի 7-ի դրությամբ երկրում գրանցվել է վարակման 16 719 դեպք եւ 330 մահ: Օրվա ընթացքում գրանցվել է վարակման 299 եւ մահվան 13 դեպք: