Չինաստանի ԱԳՆ սպառազինությունների հսկողության դեպարտամենտի տնօրեն Ֆու Ցունը նշել է սպառազինությունների հարցով բանակցություններին մասնակցելու պայմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Եթե ԱՄՆ-ը պատրաստ է կրճատել իր միջուկային զինանոցը մինչեւ Չինաստանի մակարդակը, ապա Չինաստանը երջանիկ կլինի միանալ բանակցային գործընթացին: Սակայն իրականում մենք հասկանում ենք, որ դա անհնար է»,-ասել է նա:

Նա նաեւ նշել է, որ եթե «ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը երկրացնեն Ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման եւ սահմանափակման պայմանագիրը (ՌՀՍՊ, ոչ պաշտոնական անվանումն է ՌՀՍ-3), ապա Չինաստանը կմասնակցի բանակցություններին»:

Ֆու Ցունը համարում է, որ Ռուսաստանն ըմբռնումով է մոտենում Չինաստանի դիրքորոշմանը՝ ի տարբերություն ԱՄՆ-ի:

«Մենք հարգում ենք Ռուսաստանին: Ռուսաստանը շատ լավ է հասկանում այդ հարցով մեր դիրքորոշումը եւ Չինաստանին կոչ չի անում միանալ բանակցային պրոցեսին: ԱՄՆ-ն է ստիպում ՉԺՀ-ին միանալ: Եվ նրանց իրական նպատակն է նոր պայմանագիր կնքելու համար նախադրյալներ ստեղծելը: Կարծում եմ՝ Ռուսաստանը կռահել է, որ ԱՄՆ-ը նման էժան հնարքի է դիմում»,-ասել է դիվանագետը:

Ֆու Ցունն ընդգծել է, որ «նույնիսկ 1980-ականների կեսերին՝ սառը պատերազմի թեժ շրջանում, ԱՄՆ վարչակազմը պատրաստ էր սպառազինությունների հսկողության բանակցային գործընթացին»:

ՌՀՍ-3 պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կողմից 2010 թվականին: Այն ուժի մեջ է մնում 10 տարվա ընթացքում (մինչեւ 2021-ի փետրվարի 5-ը), եթե մինչ այդ չփոխարինվի հետագա համաձայնագրով: Փաստաթուղթը կարող է երկարաձգվել ոչ ավել, քան 5 տարով, այսինքն՝ մինչեւ 2026 թվականը կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Մոսկվան կոչ է անում Վաշինգտոնին չձգձգել պայմանագիրը երկարաձգելու հարցի լուծումը եւ այն բնութագրում է որպես ապառազմականացման ոլորտում «ոսկե ստանդարտ»: