Հուլիսի 7- ին տեղի է ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի առցանց քննարկումը:  Այս առնչությամբ ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Այս ձեւաչափը նոր էր, ադրբեջանական պատվիրակների մեղադրանքները՝ հին: Ազայ Գյուլիեւը խոսել է Արցախի ընտրությունների անցկացումից, երդմնակալությանը Հայաստանի վարչապետի ներկայությունից, մեղադրել հայերին խաղաղությունը խաթարելու համար: Հայկական արձագանքը հիշեցում է. դրանք ժողովրդավարական ընտրություններ էին, այն անհասկանալի է 2003-ից նույն նախագահն ունեցող երկրին, որտեղ իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար:

«Կցանկանայի հիշեցնել, որ 1994-ի հրադադարի համաձայնագիրը դեռ գործում է եւ չունի ժամանակային սահմանափակում, եւ Հայաստանն ու Արցախը հավատարիմ են դրան: Մենք հետեւողականորեն դատապարտում ենք ուժի կիրառումը եւ աշխատում ենք խաղաղության միջավայրի ձեւավորման վրա, բայց, ցավոք, մեկ կողմի՝ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունն ու տարածքային պահանջները անհնար են դարձնում հակամարտության կարգավորումը: Ցավոք, ոչ համանախագահների, ոչ միջազգային հանրության հայտարարությունները չեն զսպում Ադրբեջանին: Հետեւաբար, մենք կարեւորում ենք մշտադիտարկման իրականացումը. այն չպետք է դադարեցվի, հատկապես համավարակի օրերին»,- ասել է ՀՀ ԱԺ ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Մեր պատվիրակը հիշեցրել է. պարոն Գյուլիեւը բազմիցս հերքել է անգամ Արցախի ժողովրդի գոյության փաստը: Եթե իսկապես խաղաղ կարգավորում եք ուզում. պատրա՞ստ եք նույն հայտարարությունն անել, ինչ վարչապետ Փաշինյանն է արել. այն է ՝ լուծումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար:

«Երբ պարոն Գյուլիեւը խոսում է Արցախի ժողովրդի իրավունքների մասին եւ ասում, որ ինքը չի հասկանում, թե դա ինչ է նշանակում, կարծում եմ պատճառն ընդհանրապես մարդու իրավունքներ երեւույթը չհասկանալու մեջ է: Ադրբեջանում մարդու իրավունքների բացակայությունն արտացոլվում է նույնիսկ պարոն Գյուլիեւի խոսքերում: Երբ խոսում եք ժողովրդավարությունից, կցանկանայի ասել, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է, եւ եթե մեկը, լինի գործարար թե պաշտոնյա, որեւէ հանցանք է գործում, պետք է պատասխան տա դրա համար: Դա մի բան է, որ անհասկանալի է ձեզ համար, պարոն Գյուլիեւ: Հիմա եկեք նայենք Ադրբեջանին:

Գործող նախագահը նախագահ է 2003-ից՝ 17 տարի: Նա նախագահությունը հորից է ժառանգել: Սա ժողովրդավարություն չէ: Սա ժառանագականությունն է, սա նեպոտիզմ է, ընտանեկան բռնապետություն, սակայն ոչ երբեւէ ժողովրդավարություն: Դրա համար հայաստանյան ժողովրդավարությունը չեք հասկանում, խնդիրը ոչ թե մերն է, այլ ձերը, պարոն Գյուլիեւ»,- ասել է Կոնջորյանը: