ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում քննված քրեական գործով իրականացված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքի ղեկավարի կողմից կատարված չարաշահումների հանգամանքները:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ Վաղաշեն համայնքի ղեկավարն իր պաշտոնավարման տարիներին՝ 2014-2017թթ. ընթացքում, պաշտոնեական դիրքն օգտագործելով կատարել է մի շարք յուրացումներ՝ համայնքապետարանին պատճառելով խոշոր չափի՝ 2.102.445 ՀՀ դրամ գույքային վնաս:

Բացի այդ, համայնքի ղեկավարի  օժանդակությամբ, 2017թ. հունվարից  մինչեւ 2018թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում Վաղաշենի բնակիչը խաբեության եղանակով, որպես նպաստ ստացել է 712.500 ՀՀ դրամ գումար՝  պետությանը պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վաղաշեն համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (2 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով եւ 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Համայնքին եւ պետությանը պատճառված վնասը նախաքննության ընթացքում վերականգնվել է:

Նախաքննությունն ավարտվել է, եւ  քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: