Հունիսի 15-ից ՀՀ ոստիկանության որոշ ստորաբաժանումներ՝ վիզաների եւ անձնագրային վարչությունն ու հաշվառման եւ փորձաքննության բաժինները, ընդունում են դիմումներն առցանց եղանակով։ NEWS.am-ի թղթակիցը սեփական փորձով պարզել է համակարգի դրական եւ բացասական կողմերը։ Ահա ինչպես է դա աշխատում։

Դիմումը ներկայացնել հնարավոր է ՀՀ ոստիկանության կայքում։ Վերեւի տողում փնտրում ենք «ուղարկել դիմում» համախատասխան պատուհանը (վերջից նախավերջինն է)։ Դրանում բացվում է մի քանի բաժին։ Սեղմում եք առաջին բաժնին՝ ուղարկել դիմում, հարցում կամ բողոք։ Ընտրելով անհրաժեշտ բաժինն ու հետեւելով հրահանգներին՝ կտեսնեք ձեւաչաձը, որն անհրաժեշտ է լրացնել։

Լրացնում եք քաղաքացիության, բնակության վայրի, հեռախոսահամարի, դիմումի հասցեատիրոջ տվյալները։ Առանջին դաշտում պետք է շարադրեք դիմումի էությունը։ Ուղարկելուց հետո կստանաք ծածկագիր, որի միջոցով կարող եք հետեւել դիմումի ընթացքին։

Ուղարկելով դիմումը՝ կարեւոր է զինվել համբերությամբ եւ սպասել որոշ ժամանակ։ Դիմումներն ու հարցումները բազմաթիվ են․ համակարգը չի կարող արագ արձագանքել, ուստի միանման բովանդակությամբ մի քանի դիմում ներկայացնելը՝ հույս ունենալով, որ այդպես կարագանա գործընթացը, լավագույն լուծումը չէ։

Ընթացքին հետեւելու համար սեղմեք միեւնույն պատուհանին, սակայն արդեն երկրորդ բաժնին՝ «հետեւել դիմումի, հարցման կամ բողոքի ընթացքին»։ Լրացրեք կոդն ու տեսեք՝ ով է զբաղվում Ձեր հարցով։ Սակայն նկատի ունեցեք, որ քանի դեռ ձեր դիմումը չի գրանցվել, համակարգը կարող է չընդունել կոդը։ Իսկ դա նշանակում է, որ չպետք է անհանգստանալ եւ անհրաժեշտ է սպասել։

Երբ դիմումն ընդունվի, գրանցվի եւ ուսումնասիրվի, ձեզ կպատասխանեն փոստի կամ հեռախոսազանգի միջոցով։ Կնշանակեն օր եւ ժամ, երբ անհրաժեշտ կլինի ներկայանալ։ Եթե ձեզ ուղարկվի պատասխանը փոստով, նամակը պահեք ձեզ մոտ, եթե հեռախոսազանգի միջոցով՝ պահպանեք հեռախոսահամարը։ Լինում են դեպքեր, երբ տեխնիկական պատճառներով այցելուի տվյալները չեն հասնում հսկիչ-անցագրային կետ, այդ ժամանակ նամակը կամ հեռախոսահամարը կհաստատեն, որ դուք գրանցված եք։ Մուտքի մոտ մասնակիցներին գրանցում են եւ ջերմաչափում։ Տարածքում ամենուր տեղադրված են ախտահանիչ նյութեր։

Քանի որ այցելուները սպասարկվում են փոքր խմբերով եւ ըստ գրաֆիկի, դա թույլ է տալիս խուսափել կուտակումներից եւ մարդկանց հաջողվում է պահպանել սոցիալական հեռավորություն։ Չկան երկար հերթեր եւ անորոշություն։ Անկասկած, դա մեծ առաջընթաց է։ Կա փոքր բացթողում․ կարճ ժամանակահատվածում գործարք կատարել ձեզ չի հաջողվի։