ՍԴ նախկին անդամներն իրավունք ունեին դիմել Եվրոպական դատարան, ինչը եւ արել են, իրացրել են իրենց իրավունքը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով նրան, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում պաշտոնանկ արված ՍԴ անդամները, ինչպես նաեւ Հրայր Թովմասյանը դիմել են ՄԻԵԴ եւ հիմա ՄԻԵԴ-ը միջանկյալ որոշում պետք է կայացնի:

«Բայց որ ՄԻԵԴ-ը միջանկյալ որոշում պետք է կայացնի, թե ոչ, ինչպես ձեր հարցի մեջ պնդում էր արվում, տեղյակ չեմ, վստահ չեմ ամեն դեպքում»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ՀՀ նախագահն առաջարկել է, որ ՍԴ երեքական անդամների նշանակեն Կառավարությունը, ՀՀ նախագահ եւ Դատավորների ընդհանուր ժողովը, Արարատ Միրզոյանն ասաց. «ՀՀ նախագահը երկու անգամ թեկնածու է առաջադրել, որը չի ընտրվել Ա-ի կողմից եւ մեկ անգամ առաջադրել է թեկնածու, որն ընտրվել է: Գործող  սահմանադրական կարգավորումներով դատարանակազմ մարմինները, այդ թվում նախագահը, առաջարկում է թեկնածություններ, ընտրությունը թողնված է ԱԺ-ին: Այսինքն վարվել ենք այնպես, ինչպես նախատեսում է Սահմանադրությունը: Այն, ինչ առաջարկում է ՀՀ նախագահը, ենթադրում է սահմանադրական փոփոխություններ: Գիտեք, որ կա եւ գործում է Սահմանադրության փոփոխությունների մշակող հանձնաժողով եւ կարծում եմ, որ ՀՀ նախագահը թերեւս պաշտոնապես կամ բանավոր դիմի այդ հանձնաժողովին: Որքան տեղեկացված եմ, այդ հանձնաժողովում քննարկում են ամենատարբեր առաջարկներ: Ինչպիսին կլինի վերջնարդյունքում հանձնաժողովի առաջարկը, Աստված գիտի»:

Արարատ Միրզոյանը հավելեց, որ իր կարծիքով գործող մեխանիզմը բավական հաջող է: