Ես որպես քաղաքական գործիչ, որպես «Իմ քայլի» ներկայացուցիչ, բազմիցս ասել եմ, որ այո, կա սահմանադրական ճգնաժամ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով նրան, որ ՍԴ-ն մինչեւ վերջերս կարողանում էր նիստեր հրավիրել, սակայն հիմա նիստերում քվորում չկա եւ կարծեք թե հիմա է Սահմանադրական դատարանում ճգնաժամ առաջացել:

Անդրադառնալով նրան, որ ԱԺ-ից միջնորդություն է ներկայացվել ՍԴ, որ հուլիսի 7-ին նախատեսված Քոչարյանի գործով հարցի քննությունը հետաձգվի, Արարատ Միրզոյանն ասաց. «Ես ոչ մի միջնորդություն չեմ ներկայացրել ՍԴ: ԱԺ-ն ունի աշխատակազմ, որն ապաքաղաքական մարմին է եւ իրականացնում է իր պրոֆեսիոնալ գործունեությունը: Ազգային ժողովը ՍԴ-ում պատասխանող կողմ է եւ մի շարք հարցերում ներգրավված է: ԱԺ-ն ՍԴ-ում ունի ներկայացուցիչ: Ահա ԱԺ ներկայացուցիչը գործի նյութերին ծանոթանալու, այն է՝ Վենետիկի հանձնաժողովի եւ ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքներին այս գործի առնչությամբ ծանոթանալու իրավունք ունի: Որքանով տեղեկացված եմ, այդ միջնորդությունից հետո առնվազն այս պահի դրությամբ այդ նյութերը հայերեն լեզվով ԱԺ-ին տրամադրված։ չեն: Կներեք, ՀՀ-ում պաշտոնական լեզուն, գրագրության լեզուն հայերենն է, այնպես որ պարտավոր են ներկայացնել հայերեն նյութերը, որից հետո ԱԺ ներկայացուցիչը ամբողջական կարծիք կկազմի այդ կարծիքների եւ գործի վերաբերյալ»:

Ինչ վերաբերում է նրան, որ ՍԴ-ում նիստեր չեն կայանում քվորումի բացակայության պատճառով, Արարատ Միրզոյանն ասաց. «Դուք խոսում եք սահմանադրական մարմնի մասին եւ ես զերծ կմնամ մեկնաբանել իրենց ներքին աշխատանքային հարաբերությունները, իրավիճակը: Թերեւս այդ հարցն ուղղեք ՍԴ նախկին կամ ներկա անդամներին»: